ԿԲ–ի ստեղծած լուծարային հանձնաժողովը հավաքում է «Varks.am-»–ի վարկերը. 2630 քաղաքացու դեմ հայց է ներկայացվել

Ստացվում է, որ  «Վարկս ԷՅ ԷՄ»–ի լուծարումից ոչ միայն ավելացավ տուժած քաղաքացիների թիվը, այլև դրանից շահեցին բանկերը՝ դաշտից հանելով ուժեղ մրցակցի
վարկս

«Վարկս ԷՅ ԷՄ» վարկային կազմակերպությունը լուծարումից մինչ օրս շուրջ 2630  քաղաքացու դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Այս մասին տեղեկատվությունն առկա է դատական տեղեկատվական համակարգում։

ՀՀ Կենտրոնական բանկը 2020թ. մարտի  24–ի որոշմամբ ուժը կորցրած էր ճանաչել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ ՈւՎԿ» ՓԲԸ-ի վարկային գործունեության լիցենզիան, ինչը մեծ ոգևորություն էր առաջացրել հանրության, հատկապես այս վարկային կազմակերպությունից վարկեր վերցրած քաղաքացիների շրջանում։ Մարդիկ հույս ունեին, թե COVID-19 -ով պայմանավորված իրավիճակում իրենց վարկերի մարումները կսառեցվեն և դժգոհությունների բուռն ալիք սկսվեց, մինչդեռ  ՀՀ Կենտրոնական բանկի ստեղծած լուծարային հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով սկսեց աշխատանքներ տանել varks.am-ի վարկերը  ժամկետից շուտ հավաքագրելու ուղղությամբ։

«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ  լուծարային հանձնաժողովը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի (վարկային կազմակերպության) պարտատերերին հայտնաբերելու և բանկի դեբիտորական պարտքերը ստանալու (ում վարկ է տվել), լուծարվող բանկի (վարկային կազմակերպության) կողմից տրված վարկերը ժամկետից շուտ վերադարձնելու ուղղությամբ։

Վարկային կազմակերպությունը հաճախորդներին հնարավորություն էր տվել իրականացնել պարտավորությունների վերակառուցում, այսինքն նախանշված ժամկետում մայր գումարի առնվազն 15%-ի չափով վճարման դեպքում  նրանց տրամադրել 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար, սակայն անգամ այս պարագայում հազարավոր հայրենակիցներ չեն կարողացել կատարել սահմանված վճարումները և հայտնվել են դատարանի առաջ։

Ստացվում է, որ  «Վարկս ԷՅ ԷՄ»–ի լուծարումից ոչ միայն ավելացավ տուժած քաղաքացիների թիվը, այլև դրանից շահեցին բանկերը՝ դաշտից հանելով ուժեղ մրցակցի։

Նյութի աղբյուրը՝ news.am