Ո՞վ կփոխարինի Կոտայքի մարզպետին

Մարզպետարանում սպասում են նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին, որին հունիսի 8-ի հրամանագրով՝ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահն ազատեց ոստիկանապետի պաշտոնից

Մամուլում շրջանառվող տեղեկություններով օրերս Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կթողնի մարզպետի պաշտոնն ու կնշանակվի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում։

«Հրապարակին» հայտնեցին նաև, որ վերջերս Պետրոսյանը հաճախ է այցելում «Երազ» թաղամասի էլիտար նորակառույցներում վերջերս գնած և վերանորոգված իր բնակարան, Կոտայքում խոսում են, որ նախարար նշանակվելու պարագայում Պետրոսյանը կտեղափոխվի Երևան։

«Հրապարակին» հայտնի է դարձել նաև, թե ով է փոխարինելու Ռոմանոս Պետրոսյանին։ Կոտայքի մարզպետարանին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ մարզպետարանում սպասում են նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին, որին հունիսի 8-ի հրամանագրով՝ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահն ազատեց ոստիկանապետի պաշտոնից։

Փաստորեն ևս մեկ «Հունան Պողոսյան» էլ իշխանությունները պատրաստվում են Կոտայքի մարզում նշանակել՝ հավանաբար «նարկոթրաֆիկի» և «հանցավորության» դեմ պայքարի, կամ, այլ կերպ ասած «մարզը» ձգելու համար։ Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել հենց Սարգսյանից, սակայն նա ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

 

«Հրապարակ»