Կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին. Փաշինյան

Վերջին 4-5 օրվա տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին

Հայաստանում համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է: Վերջին 4-5 օրվա տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, նաև հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թվով՝ հունիսի սկզբի մակարդակին:

Իհարկե այս համեմատությունը հարաբերական է, որովհետև ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է նաև մահվան դեպքերի պատճառով: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ: Ակնհայտ է, որ այդ բարելավումը կախված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ, որոնց անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում:

Այսօրվա մեր բրիֆինգի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի մասին հայտնելն է, այլ նաև ահազանգելը՝ եթե թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և թվերի լրջագույն ավելացում ունենալ»,-ասաց վարչապետը: