Ինչպես չկարողացան «կիսել» մի կտոր շոկոլադը

Սարկոզին պատմել է Պուտինի հետ առաջին հանդիպման մասին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր «Փոթորիկների ժամանակը» հուշագրության մեջ պատմել է Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման մասին, որի ժամանակ նրանք չեն կարողացել «կիսել» շոկոլադը, ինչպես նաև իր կարծիքն է հայտնել ՌԴ առաջնորդի մասին, որը, ըստ նրա, հավատարիմ է իր ընկերներին ու սկզբունքներին, գրում է eadaily.com-ը:

Գիրքն արդեն վաճառքում է: Դրանում, մասնավորապես, հիշատակվում է Պուտինի ու Սարկոզիի առաջին հանդիպման մասին, որը տեղի է ունեցել գերմանական Հայլիգենդամում, որտեղ անցկացվել է G8 գագաթնաժողովը: Միջոցառման կազմակերպիչները հյուրերին շոկոլադ են հյուրասիրել: Սարկոզին նշել է, որ այն դուր է եկել թե՛ իրեն, թե՛ Պուտինին: Ինչ-որ պահի ափսեի մեջ մնացել է մի կտոր, որին միանգամից երկու ձեռք է ձգվել՝ Սարկոզիինն ու Պուտինինը:

«Զվարճալի իրավիճակ էր, բոլորը հետևում էին մեզ: Ո՛չ ես, ո՛չ Պուտինը ոչ մի բառ չասացինք: Մենք ուշադիր նայում էինք միմյանց՝ ինքներս մեզ հարցնելով, թե ով կպարտվի: Իսկ հետո մենք ծիծաղից պայթեցինք՝ որոշելով, որ այս հարցում չեն կարող պարտվողներ լինել: Արդյունքում մենք հանգիստ թողեցինք շոկոլադի կտորը և մի կողմ հրեցինք ափսեն»,- գրքում պատմել է Սարկոզին:

Ըստ նրա՝ Պուտինի հետ շփվելը հեշտ է:

«Նա ուշադիր լսում է, շատ քաղաքավարի է, հասանելի, հաճելի, ժպիտի ու ծիծաղի հակված: Նա հավատարիմ է իր ընկերներին ու համոզմունքներին, սակայն կարող է փոխել դիրքորոշումը, եթե նրան համոզել են»,- գրել է Ֆրանսիայի նախկին նախագահը:

«Միայն արարքները նրա համար նշանակություն ունեն, և նա դրանք երբեք չի մոռանում՝ ինչպես լավերը, այնպես էլ վատերը, հատկապես երբ նա կարծում է, որ իրեն դավաճանել են»,- հավելել է նա:

Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահն է եղել 2007-2012 թվականներին: