Թե՛ Մոսկվայում, թե՛ մեզ մոտ արգելում են հայկական գյուղմթերքի վաճառքը. Արա Գալոյան

Իրավիճակ
սննդամթերք

Մեր տնտեսական մամուլում այս շաբաթ հիմնականում գյուղմթերքների շուկաների մասին լուրերն են` թեման մեկն է՝ թե՛ Մոսկվայում, թե՛ մեզ մոտ արգելում են հայկական գյուղմթերքի վաճառքը: Այս մասին իր «Տարածաշրջանային տնտեսությունը․ տեղեկություններն ամենաշատ հրապարակում է վրացական մամուլը» հոդվածում գրել է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

«Ժամանակ առ ժամանակ հետաքրքիր է դիտարկել մեր և տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը: Դիտարկել ու համոզվել, որ տնտեսական լուրերը, տեղեկություններն ամենաշատ հրապարակում է վրացական մամուլը: Թվարկենք դրանցից մի քանիսը:

«Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկը» 45 մլն եվրո է հատկացնում Վրաստանին՝ որպես ֆինանսական և բյուջետային օգնություն համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Հաջորդ լուրը վստահեցնում է, որ Եվրամիությունը, Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության ու գյուղատնտեսության նախարարությունը և ՄԱԿ-ի Գյուղատնտեսական կազմակերպությունը 35 դրամաշնորհային ծրագիր են իրականացնում (0.5 մլն եվրո ընդհանուր արժեքով): Նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է: Նշվում է, որ առաջիկա երեք տարում այս ծրագրով մոտ 5 մլն եվրո օգնություն կտրամադրվի ֆերմերներին: Մյուս լուրը տեղեկացնում է, որ ԵՄ-ն 11 համայնքների գրանտ է տրամադրում՝ տեղական ենթակառուցվածքների զարգացման համար (մոտ 1.5 մլն եվրո): Այնուհետև նշվում է, որ համավարակի պայքարի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը 2.8 մլն դոլարի արժեքով բժշկական սարքավորումներ կտրամադրի վրաց իշխանություններին, որ վրաց Ազգային բանկը այս շաբաթ 40 մլն դոլար է իրացրել ներքին շուկայում լարիի կայունությունն ապահովելու համար:

Ցավոք, մեր դրացիների տնտեսական տեղեկատվությունը միայն դրական չէ: Նշվում է նաև, որ հունիսի 30-ի դրությամբ երկրի արտարժույթային պահուստը կազմել է 3.616 մլրդ դոլար, ինչը 133 մլն-ով ավելի է այս տարվա հունվարի 31-ի ցուցանիշից: Սրանցից զատ նշվում է, որ ի տարբերություն ներքին ավիաուղիների, միջազգայինները դեռ փակ են լինելու: Արգելված են, օրինակ, «Բելավիայի» Մինսկ-Թբիլիսի թռիչքները: Իսկ իռլանդական «Ryanair»-ը տեղեկացնում է, որ թռիչքների թույլտվության հետաձգման մասին Վրաստանի կառավարության որոշումը ստիպում է իրենց (և եվրոպական մյուս ոչ թանկարժեք ավիաընկերություններին) չեղարկել նախկինում վաճառված տոմսերը: Փաստորեն, չնայած նոր տիպի կորոնավիրուսի համավարակի ցածր թվերին (ու «որոշ» մեկնաբանների կանխատեսումների)՝ Վրաստանն առնվազն մինչև օգոստոսի 15-ը սահմանները չի բացում զբոսաշրջիկների ու ավիաընկերությունների համար: Չի բացում, բայց շարունակում է բոլ-բոլ ֆինանսական աջակցություն ստանալ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ի տարբերություն մեր երկրի ու Ադրբեջանի, ուր համավարակի թվերը բոլորովին այլ են: Բայց դա չի «խանգարում» այդ երկրի մամուլին գրել միայն դրական (ու համարյա անբովանդակ) տնտեսական լուրեր: Լուրեր այն մասին, որ ադրբեջանական բանկերը հերթական նոր ծառայությունն են ներդրել: Գրել, որ ադրբեջանական նավթի գինն աճում է: Որ «British Petrolium»-ի փոխնախագահը հայտարարել է՝ «ադրբեջանական նավթարդյունահանման ծավալները չեն նվազեցվի»: Շաբաթվա ամենազգլխիչ նորությունն այն էր, որ ադրբեջանական «Կապիտալ» բանկը նշում է իր 146-ամյակը: Այն երկրի հնագույն բանկ է հայտարարված: Բնականաբար: «Կապիտալ» բանկը խորհրդային Խնայբանկի իրավահաջորդն է, բայց դրա հիմնադրման տարեթիվ հայտարարված է «նախախորհրդային» 1874 թվականը: Բայց մամուլին չի հաջողվում հպարտանալ այն փաստով, որ այս տարի մեր հարևան երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար 3.3 մլրդ դոլար է հատկացվել: Որովհետև այն անցած տարվա թվից 2.5 տոկոս ցածր է: Սակայն հպարտանում է այն փաստով, որ Զբաղվածության գործակալությունն այս տարի աշխատատեղ է գտել 54 հազար մարդու համար: Իսկ Ադրբեջանի տնտեսական ոլորտի պատասխանատուներից մեկը հայտարարել է, որ առաջին կիսամյակի տնտեսական անկումը ընդամենը 2.5 տոկոս է: Հայտարարել ու ավելացրել է, որ դա դրական փաստ է: Չնայած չի բացառել, որ աշնանը հավանաբար կարիք կլինի վերանայել պետբյուջեն: Դժվար չէ ենթադրել՝ կրճատման նպատակով:

Իսկ մեր տնտեսական մամուլում այս շաբաթ հիմնականում գյուղմթերքների շուկաների մասին լուրերն են: Մոսկովյան ու մեր՝ Կասյան-Կոմիտաս հատման կետի գյուղշուկայի: Թեման մեկն է՝ թե՛ Մոսկվայում, թե՛ մեզ մոտ արգելում են հայկական գյուղմթերքի վաճառքը»: