ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը, այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը։
Ինչպես նշել են նախարարությունում, Լավրովը և Չավուշօղլու կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասի ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։
«Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին սրման կապակցությամբ շեշտել է հավասարակշռված մոտեցումների դրսևորման և հակամարտության մեջ ներգրավված կողմերի վրա զսպող ազդեցություն ունենալու անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման նպատակով»,- նշվել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Լավրովն ու Չավուշօղլուն նաև պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ լիբիական ճգնաժամի կարգավորման ուղիներ գտնելու համար:
0Comments