Արմեն Սահակյանի տան մոտ մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է

Նա 34-ամյա Էդվարդ Լոպեսն է

Բերբանքի ոստիկանությունը պարզել է տղամարդու ինքնությունը, որը մահացած է գտնվել հայ ձեռնարկատեր Արմեն Սահակյանի տան մոտ: Նա 34-ամյա Էդվարդ Լոպեսն է:

Բերբանքի ոստիկանությունից նշել են, որ նա զույգի հետ կապ չուներ: «Ընտանիքի հետ նրա կապը դեռեւս պարզ չէ»,- հայտարարել է Բերբանքի ոստիկանական վարչության ներկայացուցիչ սերժանտ Դերեք Գրինը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեւանյան ռեստորանի նախկին տեր Արմեն Սահակյանը, որը մի քանի տարի առաջ էր տեղափոխվել ԱՄՆ, սպանվել էր սեփական տանը: Նրա կինը նույնպես վիրավորվել էր: Նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա վիճակը հիմա բարելավվել է, հայտնում է Los Angeles Daily News-ը: Տան մոտ գտնվել է Լոպեսը՝ ատրճանակով:

Քննիչները մինչեւ հիմա չեն պարզել՝ Լոպեսի մահը ինքնասպանությա՞ն հետեւանք էր, թե՞ սպանության:

Ողբերգության պահին տանն են եղել երեք անչափահաս երեխաները: Նրանք չեն տուժել: Երեքշաբթի օրվա դրությամբ՝ նրանք Բերբանքի ոստիկանության հոգածության ներքո էին: «Երեխաները անվտանգության մեջ են,- ասել է Գրինը: - Նրանց գտնվելու վայրը չի բացահայտվում»:

Քննիչները դեռեւս հնարավոր են համարում, որ բացի այս երեքից կրակոցները կարող էր արձակած լինել ինչ-որ մեկ ուրիշը: Բայց առայժմ ոչ մի կասկածյալ չկա: