Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների եւ բանակցային գործընթացին մասնակցող երկրների շահերից:
Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հետ բաց հարցազրույցում:
«Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին է, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ մյուս պետությունները եւս, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ եւ ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով՝ կողմերին խրախուսելով խաղաղության, հրադադարի հաստատման, կողմերի բաժանման, ինչի շուրջ ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ,- ասել է նա:- Իրավիճակի կայունացումն այժմ բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից»:
Ինչպես ընդգծել է փոխնախարարը, Ռուսաստանի Դաշնությունը հիմնվում է նրա վրա, որ այն, ինչ ձեռք է բերվել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցում ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի շրջանակներում, պետք է մնա բանակցությունների սեղանին: «Ներկայիս ճգնաժամը չպետք է հետընթացի հանգեցնի այն առաջընթացից, որին հաջողվել է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարին մոտենալու հարցում հսկայական ջանքերի արդյունքում, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է Գրուշկոն:
«Այս հակամարտության կարգավորումը թույլ կտա էապես բարելավել իրավիճակն ընդհանուր տարածաշրջանում, այդ թվում՝ կբարելավի երկկողմ հարաբերությունները բոլոր գործընկերների միջեւ: Մենք բոլորին հորդորում ենք միանգամայն նույն դիրքորոշումը ստանձնել, հատկապես՝ Մինսկի խմբի երկրներին»,- ասել է փոխնախարարը:
0Comments