Ադրբեջանական ԱԹՍ-ների խոցումը նրանց նվազագույնը 150-200 մլն դոլարի վնաս է հասցրել

Մեր սարքավորներն աշխատել են թե ցերեկային պայմաններում, թե գիշերային պայմաններում, և իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են

Հայկական կողմից խոցված՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը բավական լուրջ ուսումնասիրության աղբյուր են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում խոցված ԱԹՍ-ների ցուցադրության ժամանակ ասաց համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։

«Ամբողջը մեր կողմից ուսումնասիրվել է, ուսումնասիրվում է։ Բավական լուրջ ինֆորմացիոն աղբյուր է։ Լուրջ հետազոտությունների նյութ է՝ ինչպես են նրանք կառավարվում, ինչ ծրագրերով են աշխատում, ինչ միջոցներով կարելի է հակազդել, ամեն ինչ։ Ծրագրավորումը իսրայելական արտադրության է, վատ չեն կառավարում, շատ նորմալ կառավարվում են,  լուրջ ծրագրավորված զենք է, որ ամբողջովին կարող է կատարել իր խնդիրները ավտոմատ ռեժիմում, դրանք խոցվել են մեր հակաօդային պաշտպանության զորքերի հմտության շնորհիվ»,- նշեց գերենալ-մայորը՝ նշելով, որ հայկական ոչ մի անօդաչու սարք հակառակորդի կողմից չի խոցվել․«Մեր սարքավորներն աշխատել են թե ցերեկային պայմաններում, թե գիշերային պայմաններում եւ իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են»։

ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը ներկայացրեց, թե ինչ վնասներ է կրել ադրբեջանական կողմը։ 

«Մոտավոր հաշվարկներով՝ նվազագույնը 150- 200 մլն դոլարի վնաս է կրել՝ հաշվի առնելով շուկայում առկա տեղեկատվությունը նշված միջոցների գների վերաբերյալ»,- ասաց նա։