Իշխանությունը «զադնի է դրել» ՍԴ ամենահավանական թեկնածուների հարցում. Ովքեր են դուրս մնացել

Այդ շարքում են Գագիկ Ջհանգիրյանը, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, Հրանուշ Խառատյանի փեսան՝ Կարապետ Բադալյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է հանրապետության նախագահին հատկացված 21-օրյա ժամկետը, երբ նա պետք է ստորագրեր Սահմանադրական դատարանի մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների այն նախագիծը, որով կդադարեցվեն ՍԴ երեք անդամների լիազորությունները, որոնց վերաբերյալ սահմանադրական փոփոխություններ իրականացվեցին։ Ազգային ժողովի նախագահի համար հնգօրյա ժամկետ է նախատեսված, որպեսզի ստորագրի օրենքը, եւ այն մտնի ուժի մեջ։

Ենթադրվում է, որ Արարատ Միրզոյանը չի ձգի հինգ օր եւ հենց այսօր կստորագրի օրենքը, որպեսզի իշխանությունն օր առաջ հանձն առնի իր երազանքների ՍԴ-ն կազմավորելու գործը, առաջադրեն ՍԴ նոր թեկնածուներ եւ բարձր դատարանը համալրեն իրենց սրտի դատավորներով։ Հատկապես, որ սահմանադրական փոփոխություններով այդ գործընթացին երկամսյա ժամանակ է հատկացված, եւ մինչեւ օգոստոսի 26-ը պետք է ձեւավորվի ՍԴ նոր կազմը։

Հիշեցնենք․ հունիսի վերջին ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններ ընդունեց, որոնց համաձայն` Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի պաշտոնավարել դատավորի կարգավիճակում։ Դադարեցվեցին երեք դատավորների` Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, նրանց պաշտոնավարման ժամկետը գերազանցում էր 12 տարին։

Սահմանադրության համաձայն` ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում մեկ թեկնածու է առաջարկում, եւս մեկին առաջարկում է կառավարությունը, երրորդին` Դատավորների ընդհանուր ժողովը։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար՝ կառավարության, ՀՀ նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, երկամսյա ժամկետում։

Իշխանության մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ իրավասու մյուս մարմինները՝ ՀՀ նախագահն ու Դատավորների ընդհանուր ժողովը, թեկնածուներին ներկայացնելու են ֆորմալ առումով, դրանք համաձայնեցված են լինելու քաղաքական բարձր իշխանության հետ։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ իշխանությունը թեկնածուների փնտրտուքների մեջ է՝ մի կողմից ուզում է կառավարելի ու կանխատեսելի դատավորներով համալրել բարձր դատարանը, մյուս կողմից՝ սկզբունքայիններն ու պրոֆեսիոնալները չեն համաձայնում մտնել այս հակասահմանադրական եւ հեռանկար չունեցող գործընթացի մեջ՝ մտավախություն ունենալով, որ վաղ թե ուշ գործընթացը հակասահմանադրական է ճանաչվելու։

Եվ երրորդ կողմից՝ ՍԴ-ում ամեն մի իրավաբան չի կարող աշխատել, եւ այս իմաստով՝ հավատարիմ, կոմպետենտ եւ ցենզին համապատասխանող թեկնածու գտնելը բարդանում է։ Մեզ ասացին նաեւ, որ մինչ օրս շրջանառված թեկնածուներից իշխանականները հրաժարվել են՝ հաշվի առնելով նրանց նկատմամբ հանրային ոչ միանշանակ վերաբերմունքը։ Այդ շարքում են, հիշեցնենք, Գագիկ Ջհանգիրյանը, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, Հրանուշ Խառատյանի փեսան՝ Կարապետ Բադալյանը, եւ այլք։

Ավելի հակված են անհայտ թեկնածուների առաջադրմանը, որոնք գործընթացը լրացուցիչ խոցելի չեն դարձնի։ Այդուհանդերձ, իշխանության մեր աղբյուրները չեն բացառում, որ կառավարությունը կառաջադրի արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արտակ Զեյնալյանին։

Այս պահին նա ամենառեալ թեկնածուն է։ Բայց եթե անգամ այս մի թեկնածուն որոշված է, եւս երկու թեկնածու է հարկավոր։ Եվ եթե հիշենք, թե ինչ դժվարությամբ մեկ տարի առաջ ընտրվեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, պարզ կդառնա, որ այս պարագայում էլ հեշտ չի լինելու։

Հուլիսի 31-ին նախանշված Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի իրենց կողմից ներկայացվելիք Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի անունը: Նա վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանն է, որին համակարգում բնութագրում են որպես բարեխիղճ մասնագետի, նաեւ Սահմանադրական դատարանում աշխատելու փորձ ունի՝ 1996-2003 թվականներն աշխատել է որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` դատավորի օգնական: 2003- 2013 թվականները՝ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ:

Սակայն Հակոբյանն էլ մի «թերություն» ունի՝ Գագիկ Հարությունյանի կադրն է, նրա օգնականն է եղել։ Հնարավոր է, որ նախագահ Արմեն Սարգսյանին թույլ տան իր ուզած մարդուն գործուղել ՍԴ՝ որպես փոխհատուցում իշխանություններին այս պրոցեսում ցուցաբերած աջակցության, իսկ թե ով է լինելու այդ թեկնածուն, դեռեւս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ վերջերս ընդունած փոփոխություններից մեկով էլ հնարավորություն տրվեց, որպեսզի երեք դատավորներին էլ ԱԺ-ն կարողանա ընտրել միաժամանակ՝ նույն օրը, արագացված գործընթացով։ Դատելով մեծամասնություն լինելու հանգամանքից եւ նրանց պահվածքից՝ դա կհաջողվի, մնում է թեկնածուների հարցում գան ընդհանուր հայտարարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում