ԱՄՆ պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Ռամզան Կադիրովի և նրա ընտանիքի հանդեպ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ նշվում է, որ Ռամզան Կադիրովը կորոնավիրուսի համավարակն օգտագործել է որպես պատրվակ՝ տարածաշրջանում մարդու իրավունքների ոտնահարման համար

ԱՄՆ Պետդեպը պատժամիջոցներ է սահմանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հանդեպ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ նշվում է, որ Ռամզան Կադիրովը կորոնավիրուսի համավարակն օգտագործել է որպես պատրվակ՝ տարածաշրջանում մարդու իրավունքների ոտնահարման համար:

«Այս որոշումը պայմանավորված է Կադիրովի մասնակցությամբ Չեչենական Հանրապետությունում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Պետդեպարտամենտը տիրապետում է լայնածավալ արժանահավատ տեղեկությունների, որ Կադիրովը պատասխանատվություն է կրում ավելի քան տասը տարի առաջ կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, ներառյալ խոշտանգումները եւ արտադատական մահապատիժները:

Մենք նշում ենք, որ այսօրվա գործողությունները վերաբերում են նաեւ պարոն Կադիրովի կնոջը՝ Մեդնի Կադիրովային եւ նրա դուստրերին` Այշատ Կադիրովային եւ Կարինա (նույն ինքը՝ Խադիժատ) Կադիրովային: Մենք կխրախուսենք, որ համախոհ երկրները նույնպես նման քայլեր ձեռնարկեն:

Մենք արդեն տնտեսական պատժամիջոցներ ենք մտցրել պարոն Կադիրովի եւ նրա մի շարք համախոհների դեմ: 2018-ին Միացյալ Նահանգները եւ տասնհինգ այլ երկրներ ձեռնարկեցին արտառոց քայլ՝ կոչ անելով ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմին ստեղծել առաքելություն՝ բացահայտելու ԼԳԲՏ մարդկանց, իրավապաշտպանների, անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ այլ քաղաքացիների նկատմամբ կատարված չարաշահումների մասին սարսափելի զեկույցների փաստերը:

Այսօրվա գործողությունները ծառայում են պարոն Կադիրովին նախազգուշացնելու, որ նրա մասնակցությունը մարդու իրավունքների կոպիտ խախտումներին հետեւանքներ ունի ինչպես նրա, այնպես էլ նրա ընտանիքի համար»: