Պարեկային ծառայությունը Երևանում կմեկնարկի 2021-ից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022 թվականից

Մենք ձգտում ենք մի ոստիկանության, որը բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը, որը ծառայում է ոչ թե օրվա իշխանության քաղաքական շահերին, այլ հասարակական անվտանգության ապահովմանը

Պարեկային ծառայության ներդրումը ոստիկանության ոլորտի բարեփոխումների առաջին տեսանելի քայլն է, որը հաստատվել է այս տարվա ապրիլին: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Ոստիկանության նոր Պարեկային ծառայության ստեղծելու թեմայով քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Քրիստիննե Գրիգորյանը:

Նրա խոսքով, ոստիկանության բարեփոխումներն առաջանհերթություն են գործող կառավարության համար. «Մենք մի քանի խնդիր ենք փորձում լուծել Պարեկային ծառայության ներդրմամբ: Առաջին խնդիրը արժեքային եւ ըստ էության փոփոխության մասին է: Մենք հեռու ենք գնահատականներից, թե ոչնչից ինչ-որ բան ենք ստեղծում: Բարեփոխումներն ուղղված են նրան, որ ոստիկանությունում տարիներ ի վեր զարգացումները այս պահին համապատասխանեն ժամանակակից մարտահրավերներին»:

Փոխնախարարը բերեց Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հարցման արդյունքները, ըստ որի հարցին, թե նչպե՞ս է հասարակությունը գնահատում համավարակի ընթացքում ոստիկանության աշխատանքը, 65 տոկոսը համարել է, որ ոստիկանության աշխատանքն ավելի լավ է, քան նախկինում:

«Պարեկային ծառայությունն այն լավ օրինակն է, թե ինչպես հասարակական կարգի պահպանության  կամ հասարակական անվտանգության ապահովման, ճանապարհային անվտանգության կարգի կազմակերպման առումով, թե ինչպես ավելի արդյունավետ ու մարդակենտրոն կարող է գործել:

Մենք ձգտում ենք մի ոստիկանության, որը բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը, որը ծառայում է ոչ թե օրվա իշխանության քաղաքական շահերին, այլ հասարակական անվտանգության ապահովմանը, հանցագործությունների կանխմանը»,-ասաց Գրիգորյանը: նա տեղեկացրեց, որ Պարեկային ծառայությունը Երեւանում կմեկնարկի 2021-ից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022 թվականից: «Փուլային մոտեցման նպատակն այն է, որ պատրաստվեն բավարար որակով եւ բավարար թվով կադրեր, ոչ թե ունենալ զանգվածային կադրերի պատրաստման «կոնվեյեր» ու չունենալ անհրաժեշտ որակ: Սա պատմական փոփոխության շանս է եւ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է այդ փոփոխության մասնակիցը կամ աջակիցը դառնա»: