Ռուզաննա Խաչատրյանի արձագանքը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությանը

Փաստորեն, հայոց պատմական Տավուշում ապրող և իր հայրենի բարձունքները հսկող հայը, որի հրամանատարը թույլ չի տվել, որ հակառակորդի «ուազ»-ը մտնի մեր դիրք, Թուրքիայի պաշտպանության նախարարի մակարդակով սպառնալիք է ստանում

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն, իր էջում գրում է.

«Կարդացի Թուրքիայի պաշտպանության նախարարի, Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցությունների, թուրք և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վերջին օրերին Տավուշում ծավալված իրադարձությունների մասին։

Դրանք շատ հաճախ ոչ թե պետության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններ են, այլ հայ ժողովրդին սեփական հողում սեփական սահմանը պաշտպանելու իրավունքից զրկելու անթաքույց սպառնալիք։

Այսօր թուրք և ադրբեջանական մամուլը ողողված է վրեժի և ցասումի խոսքերով։

Այդ նույն «վրե՞ժն» էր, որ 15-րդ դարում քանդեց բազմազգ քաղաքակրթության կենտրոն բյուզանդական կայսրությունը։

«Վրեժ», որից դրդված` 20-րդ դարում ցեղասպանության ենթարկեցին իրենց տիրապետության տակ գտնվող հայ ժողովրդին և այլ դավանանք կամ ազգային պատկանելություն ունեցող ժողովուրդների։

Իսկ ինչի՞ց դրդված 1974 թվականին ներխուժեցին Կիպրոս։

21-րդ դարում այդ նույն «վրեժը» ֆինանսավորում է իսլամիստ ծայրահեղականներին, որոնք «վրեժխնդրային» տարբեր գործողություններ են իրականացնում Լիբիայում, Սիրիայում՝ մահ և ավերածություններ սփռելով։

Կարծում եմ, դա «վրեժ» է համաշխարհային քաղաքակրթությունից։

Այս ամենի գնահատականը պետք է շուտափույթ տան միջազգային կազմակերպությունները, և հետևություններ անեն համաշխարհային քաղաքականության մեջ մեծ դերակատարում ունեցող Ռուսաստանը, Եվրոպան, Ամերիկան։

․․․Փաստորեն, հայոց պատմական Տավուշում ապրող և իր հայրենի բարձունքները հսկող հայը, որի հրամանատարը թույլ չի տվել, որ հակառակորդի «ուազ»-ը մտնի մեր դիրք, Թուրքիայի պաշտպանության նախարարի մակարդակով սպառնալիք է ստանում։

Իսկապես զավեշտալի է․․․

Խոնարհումս հանուն Հայրենիքի նահատակված մեր քաջերի հիշատակին։

Շտապ ապաքինում բոլոր վիրավորներին։

Եվ աչալուրջ, խաղաղ ծառայություն Հայկական բանակի՝ սահմանին կանգնած զինվորներին ու սպաներին»: