Նորահայտ գիսաստղը մոտենում է երկրին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հազվադեպ տեսարանը հավերժացվել է աշխարհի տարբեր վայրերից

Աստղագետներն աշխարհի տարբեր կետերից հետևում են Երկրին մոտեցող գիսաստղի տեղաշարժին, որն ստացել է «Նեովայզ» (Neowise) անվանումը:

Ինչպես tert.am-ի փոխանցմամբ գրում է BBC-ն, այն հայտնաբերվել է մարտի վերջերին: Խոսքն այն քիչ գիսաստղերի մասին է, որոնք 21-րդ դարում հնարավոր է տեսնել անզեն աչքով: Այն հեռանում է Արևից և Երկրին ամենամոտ հեռավորությամբ կգտնվի հուլիսի 23-ին: Երկնային մարմինն իրենից վտանգ չի ներկայացնում, քանի որ անցնելու է մեր մոլորակից 103 մլն կմ հեռավորությամբ:

Գիսաստղի լուսակարներն արդեն պատկերվել են աշխարհ տարբեր քաղաքներում, այդ թվում և Վանում: Հազվադեպ տեսարանին կարելի է ականտես լինել Հյուսիսային կիսանգնդի լայնություններում, այսինքն՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում:

Հաջորդ անգամ գիսաստղը Երկրին այդքան մոտ կգտնվի 6800 տարի հետո: Գիսաստղը կազմված է սառույցից, փոշուց և քարերից: Այն ոչ մեծ երկնային մարմին է, որը պտտվում է Արևի շուրջը:

Արեգակին մոտենալով այն սկսում է հալչել՝ գազից և փոշուց կազմված պոչ առաջացնելով, ինչի շնորհիվ էլ տեսանելի է դառնում Երկրից: Ի դեպ, այն երևում է նաև տիեզերքից: