Ամենամեծ վնասը հասցվել է Այգեպար գյուղին. վնասվել է 11 տուն. ՄԻՊ

Մենք տեսանք, որ Ադրբեջանը քաղաքացիական բնակավայրերի մոտ տեղակայում է ռազմական տեխնիկա, որ հետագայում ցույց տա, որ իբր քաղաքացիական բնակչությանը վնաս է հասցվել

Հակառակորդը ամենամեծ վնաս հասցրել է սահմանամերձ Այգեպար գյուղին: Այս մասին այսօր` հուլիսի 15-ին, Իջեւանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այստեղ մենք ունենք արձանագրված 11 քաղաքացիականն տուն, եւ հրետակոծել են այնպիսի արկերով, որոնք ներսում պայթում են եւ վնաս են հասցնում բնակիչներին»,-ասաց նա:

ՄԻՊ-ի խոսքով` Ներքին Կարմիրաղբյուր գյուղում էլ արկն ընկել եւ ամբողջովին վնասել էր տունը. «Չինարիում էլ մեկ այլ արկ էր ընկել ու չէր պայթել, որի ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ եթե այն ընկնի տան տանիքին տունը ամբողջովին կվնասվի»:

Արման Թաթոյանի խոսքով` մեր սահմանամերձ բնակավայրերը քաղաքացիական օբյեկտներ են եւ դրանց մոտ գտնվող ռազմական օբյեկտ չկա, որը թույլ կտար անգամ ենթադրել, որ ռազմական օբյեկտներ կտեղակայվեն:

«Այնինչ մենք տեսանք, որ Ադրբեջանը քաղաքացիական բնակավայրերի մոտ տեղակայում է ռազմական տեխնիկա, որ հետագայում ցույց տա, որ իբր քաղաքացիական բնակչությանը վնաս է հասցվել»,-հավելեց նա: