Վաղվա դատական նիստի տեսագրությունը մենք կարող ենք որպես նվեր ուղարկել Իլհամ Ալիեւին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Վաղվա դատը սիմվոլիկ է. այն բառիս բուն իմաստով կայանալու է ադրբեջանական արկերի տակ

Վաղը դատելու են ադրբեջանական ղեկավարների երկու սերնդի՝ հայր եւ որդի Ալիեւներին պատմականորեն խեղճացրած եւ պատմականորեն հաղթած Ռոբերտ Քոչարյանին, գեներալներ Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին, որոնք մեր բանակի հիմնադիրներն են եւ հաղթել են ադրբեջանական բանակին, իսկ այսօր նրանց որդիներն են, որպես հրամանատարներ, անում նույնը, մեկը Տավուշում, մյուսը՝ Արցախում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վաղվա դատը սիմվոլիկ է. այն բառիս բուն իմաստով կայանալու է ադրբեջանական արկերի տակ։

Վաղվա դատը պետության ինքնաապտակն է, ամենակոպիտ ինքնագոլը՝ որեւէ պետության պատմության մեջ։ Քիչ պետություններ ու քիչ իշխանություններ կան, որ նման էպիզոդներ են ունենում։

Վաղը դատելու են ադրբեջանական ղեկավարների երկու սերնդի՝ հայր եւ որդի Ալիեւներին պատմականորեն խեղճացրած եւ պատմականորեն հաղթած Ռոբերտ Քոչարյանին, գեներալներ Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին, որոնք մեր բանակի հիմնադիրներն են եւ հաղթել են ադրբեջանական բանակին, իսկ այսօր նրանց որդիներն են, որպես հրամանատարներ, անում նույնը, մեկը Տավուշում, մյուսը՝ Արցախում։

Վաղվա դատական նիստի տեսագրությունը մենք կարող ենք որպես նվեր ուղարկել Իլհամ Ալիեւին՝ սեփական բանակի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար։

Օրերս ընդունված՝ «Ազգային անվտանգության ռազմավարության» մեծածավալ փաստաթղթի փոխարեն կարելի էր գրել մեկ նախադասություն. պատահական իշխանությունը պետության համար ամենամեծ վտանգն է, սեփական սխալները պետությունների ամենամեծ ռիսկերն են։ Ադրբեջանական վտանգն այս անգամ էլ իհարկե կհաղթահարենք, հերթական անգամ՝ պետության ամենակայացած օղակի՝ բանակի շնորհիվ։ Բայց հետեւություններ պետք է արվեն՝ շատ լուրջ եւ խորքային»։