Մեղադրող դատախազը «Բ-ի տղա» է ասել կալանավորին

կոնֆլիկտը շարունակվել է միջանցքում եւ ավարտվել  փոխադարձ վիրավորանքներով

Երեկ Երեւանի դատարանի Շենգավիթի նստավայրում սկանդալային միջադեպ է արձանագրվել: Դատական նիստում քննարկվել է արդեն երեք տարի կալանքի տակ գտնվող Վանիկ Մանուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը:

Երբ դատավոր Արտյուշ Գաբրիելյանը գնացել է խորհրդակցական սենյակ, կալանավորի եւ դատախազի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, կրքերը թեժացել են:

Մեղադրող դատախազ Հայկ Մելքոնյանը կալանավորին հայհոյանք է ուղղել, ասելով՝ «բ-ի տղա»: Այս արտահայտությունը լսելով, Մանուկյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը, որն էլ մեզ փոխանցեց կատարվածը, վեճի է բռնվել դատախազի հետ:

Նիստի մասնակիցների միջեւ կոնֆլիկտը շարունակվել է միջանցքում եւ ավարտվել  փոխադարձ վիրավորանքներով: 

«Դատական նիստի ընթացքում Հայկ Մելքոնյանը հայհոյեց իմ պաշտպանյալին: Ես նրան հակադարձեցի, ասելով, թե ո՞վ ես դու, որ կալանավորի ես հայհոյում, նա էլ սկզբից ասեց՝ լավ եմ անում, հետո էլ հրաժարվեց իր խոսքից»,- տեղեկությունը հաստատեց Հակոբ Ճարոյանը: 

Ի՞նչ իրավունք ունի դատախազը հայհոյել կալանավորին, Ձեզ հայտնի՞ է այս միջադեպի մասին: Հարցերն ուղղեցինք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին: Այս տհաճ միջադեպից նա տեղյակ չէր: «Այս պահին մենք նման տեղեկատվություն չունենք,- ասաց Գոռ Աբրահամյանը,- եթե դատավարության մասնակիցների, դատավորի կողմից դատախազի վարքագծի հետ կապված դիմում է ստացվում, կամ առկա են լինում ԶԼՄ հրապարակումներ, դրանցով ներկայացվող հանգամանքները մեր կողմից դարձվում են ուսումնասիրության առարկա: Բավարար հիմքերի դեպքում կարող է կարգապահական վարույթ հարուցվել եւ գնահատական տրվել»: