Ռուսաստանը կստուգի Քսենիա Սոբչակի և նրա ամուսինների կապերը չեխական հատուկ ծառայությունների հետ

Սոբչակն, իր հերթին, արձագանքել է այդ հայտարարությանը՝ նշելով, որ Չեխիայի հետ իրեն կապում է միայն սերն ազգային քաղցրավենիքի հանդեպ
սոբչակ

ՌԴ «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Սերգեյ Մալինկովիչը դիմել է Անվտանգության Դաշնային ծառայության հակահետախուզությանը ստուգել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի, ինչպես նաև նրա ներկայիս և նախկին ամուսինների կապերը չեխական հատուկ ծառայությունների հետ:

Ինչպես tert.am-ի փոխանցմամբ հայտնում է Газета.Ru-ն, քաղաքական գործչի խոսքով՝ հաղորդավարուհու ներկայությունը նախկին լրագրող Իվան Սաֆրոնովի աջակցության ակցիային վկայում է «նրա կողմից ինչ-որ մեկի առաջադրանքը կատարելու մասին»:

Սոբչակն, իր հերթին, արձագանքել է այդ հայտարարությանը՝ նշելով, որ Չեխիայի հետ իրեն կապում է միայն սերն ազգային քաղցրավենիքի հանդեպ:

«Ինձ Չեխիայի հետ, բացի չեախական քաղցրավենիքի հանդեպ սիրուց, ոչինչ չի կապում: Ես այնտեղ ուղևորվում են բավականին հազվադեպ: Ողջ կյանքում 3 անգամ եմ եղել այնտեղ: Ինձ թվում է, որ «Ռուսաստանի կոմունիստներ»-ը պարզապես որոշել է հիշեցնել իր գոյության մասին: Ո՛վ կհիշեր նրանց մասին առանց այդ լուրի»,- ասել է լրագրողը:

Սոբչակը նախօրեին մասնակցել է Մոսկվայի «Լյուբյանկա» հրապարակում տեղի ունեցած ցույցերին՝ աջակցություն հայտնելով «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական, «Կոմերսանտի» նախկին լրագրող Իվան Սաֆրոնովին, որը կասկածվում է պետական դավաճանության մեջ: Ակցիայի ընթացքում Սոբչակին բերման էին ենթարկել, այնուհետև ազատել: