Մենք թույլ չենք տա հայկական երկրորդ պետություն ստեղծել ադրբեջանական հողի վրա. Ալիև

Ալիեւը հայտարարել է ղարաբաղյան բանակցությունների դադարեցման հնարավորության մասին

Ադրբեջանը չի փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում, քանի որ այն արդար է: Այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում, փոխանցում է Turan-ը:

«Մեր դիրքորոշումը հիմնված է պատմական արդարության եւ միջազգային իրավունքի վրա: Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մենք թույլ չենք տա հայկական երկրորդ պետություն ստեղծել ադրբեջանական հողի վրա»,- ասել է Ալիեւը:

Նա քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին պասիվության համար:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում ՀՀ վարչապետի հայտարարությանն այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանն է: Այս հայտարարությունը խաթարում է բանակցությունները եւ դրանք անիմաստ է դարձնում », - ասաց նա:

ԵԱՀԿ Մինսկի խումբը համարժեք պատասխան չի տվել ձեւաչափը փոխելու Երևանի փորձերին՝ պահանջելով, որ Ադրբեջանը բանակցություններ սկսի Լեռնային Ղարաբաղի «անջատողականների» հետ, ասել է Ադրբեջանի նախագահը:

«Այսօր կարգավորման շուրջ փաստացի բանակցություններ չկան, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից օգուտ չկա։ Սա պարզապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե ​​բանակցություններն առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի»,- շեշտել է Ալիեւը: