Այս իշխանությունն էլ գնաց, ուրիշն եկավ, էլի իրենց հետ չեմ լինելու, ես երգելու եմ. Արամո

Լավը եղավ, ասելու եմ բրավո, ձեր ցավը տանեմ, վատ բան եղավ, բացթողումներ եղան, պիտի ասեմ, որ սխալ է

Օրերս «Անդրադարձ» հաղորդման ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամոն անդրադարձել էր գույքահարկի բարձրացմանը, Երևանի պատմամշակութային շենքերի նկատմամբ վերաբերմունքին, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ նկատելով, որ իշխանություններն այդ հարցերում սխալ մոտեցումներով են շարժվում։

Դրանից հետո ֆեյսբուքում սկսեցին քննադատել երգչին՝ հայտարարելով, որ նա նախկին իշխանություններին է ծառայել, սակայն 2018 թվականին եղել է հեղափոխության կողքին, սակայն ինչ որ պաշտոն չստանալուց հետո, սկսում է քննադատել իշխանություններին։

«Հեղափոխության, իշխանափոխության ժամանակ ես ժողովրդի հետ եմ եղել, բայց պետք է տեսնել իրականությունը։ Եթե իրականությունը չի բռնում իրենց հայտարարածների հետ, ապա իրավունք չունե՞մ դա ասեմ, թե միշտ պետք է գովաբանեմ։ Ես էդ ֆեյսբուքում չկամ ու ֆեյքերին   չեմ էլ հետևում, Աստված իրենց հետ, երկար կյանք եմ ցանկանում, թող առողջ լինեն, թող մաքրվեն։ Բայց միշտ ասել եմ այն, ինչ կա։ Եկեղեցու պատմությունը որ ուզում են կմիացնեն  Հայ գրականությանը, ես դրա հետ կապված ինչ եմ ասել։ Ասել եմ, որ Եկեղեցու պատմությունը պետք է լինի առանձին առարկա, վա՞տ բան եմ ասել։ Ասել եմ, որ հիմա Սահմանադրությունը փոխում եք, լավ եք անում, բայց թող օրենքով նաև ամրագրեն, որ միասեռականների ամուսնությունն արգելվում է։ Գույքահարկի հետ կապված վա՞տ բան եմ ասել։ Իրենց թվում է, թե Կենտրոնի բոլոր բնակիչները մեծահարուստներ են, բայց պետք է հասկանալ սոցիալական վիճակը, այդ մարդն արդյոք վճարունակ է, թե ոչ։ Կամ էլ այդ պատգամավորները, որ ասում են, եթե չեք կարողանում ՝վաճառեք, գնացեք ։ Դա սխալ է, թող ճիշտ մոտեցում տան։ Ես ասում եմ՝ պետք չի հինն ու նորը խառնել։ Կորոնավիրուսի հետ կապված թող ճիշտ քայլեր անեին, պրոֆեսիանալների հետ հավաքվեին, հասկանային։ Կարող ես այդ մարդու հետ չշփվել, բայց հարցնել կարծիքը։ Ես ոչ մեկին չեմ քննադատել, ասել եմ այն, ինչ-որ կա»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արամոն։

Վաստակավոր արտիստը մեկ օրինակ բերեց։ Նրա խոսքով՝ Երևանի կենտրոնում տեղադրված են բազմաթիվ հուշատախտակներ, որոնց վրա գրված է, թե այսինչ տանն ապրել է այսինչ արվեստագետը. «Բա այսօր, եթե այդ մարդիկ կենդանի լինեին, չկարողանային այդ գույքահարկը վճարել, այդ մարդկա՞նց էլ էին ասելու՝ տներդ ծախի ու գնա։ Ու այդ արվեստագետների ժառանգներն էլ հիմա այդ տներում են ապրում ու էլի հնարավորություն չունեն այդքան գույքահարկ վճարելու։ Աբսուրդ է ուղղակի։ Եթե նորակառուց շենք են կառուցում, հիմիկվա պայմաններով թող անեն, թող բարձրացնեն, եթե մարդ վճարունակ է, կարող է նորակառույցում տուն գնել, ապա այո, թող վճարի նաև մեծ գույքահարկ։ Եթե որևէ մեկն այդպիսի էլիտար նորակառույց շենքերում բնակարան է գնում, ուրեմն ինքը վճարունակ է այդ գույքահարկը տալու։ Բայց պետք է քննարկումներ լինեին, որպեսզի մոտեցումը վերանայվեր։ Ասում են՝ 30մլն դրամից բարձր տներին է վերաբերում։ Բայ Կենտրոնում բնակարաններն ավելի թանկ են 30մլն-ից»։ Նա շեշտեց, թե ինչպես կարող է չգովաբանել, երբ տեսնում է, որ ճանապարհներն են բարեկարգում. «Հիմա ես ո՞նց կարող եմ ասել, որ վատ բան են անում։ Ո՞նց կարող եմ դա չողջունել, բրավո, ապրեն, լավ են անում, հալալ է իրենց։ Էն, ինչ-որ լավ է, պետք է ասես՝ լավ է, էն, ինչ-որ բացթողում է, պետք է դա ցույց տաս ու դրանից հետևություն անեն։ Ու էդպես չի, թե ես իրենց կարճ խելքով հակահեղափոխություն եմ անում։ Ես ոչ մի իշխանության հետ չեմ եղել, ոչ էլ կոմունիստների ժամանակ եմ ինչ-որ մեկի հետ եղել։Կոմունիստների ժամանակ ինձ կոմսոմոլից Յուրմալա ուղարկեցին, որին գնացի 1989 թվականին։ Պատմության մեջ միակ երգիչն եմ, որ եռագույնը հանել եմ մեծ բեմ։ Մեծ պրոբլեմների մեջ ես ընկա, ինձ արդեն ցուցակից հանում էին, որ ես ելույթ չունենամ։ Եվ ես մեծ խորամանկություն արեցի, մեծ երգչուհի Սրբուհի Ստամբոլցյանն ինձ համար եռագույնով շապիկ էր կարել, ես շապիկը հագա, ինձ ասացին՝ ինչ շատ սիրուն գույներով եք դուք բեմ դուրս գալիս, չհասկացան, որ դա մեր դրոշն է։ Ես այդ հոգեբանությամբ եմ եղել։ Ոչ մի իշխանության  օրոք ես ոչ մեկի հետ չեմ եղել ու չեմ էլ լինելու, թող դա իրենք հստակ արձանագրեն։Եթե որևէ արտիստի պետականորեն կանչում են երգելու, նոր իշխանությունների օրոք էլ շատ երգիչ-երգչուհիներ են գնացել երգել, բայց դա չի նշանակում, որ նրանք այդ կուսակցության ու իշխանության հետ են։ Պետք է միմյանց հանդեպ հարգանք լինի, այս հայհոյանքները, իրար վրա ցեխ շպրտելն անընդունելի է, պետք է պետականամշակ մտածողություն լինի, որպեսզի մեր երկիրն առաջ տանենք՝ դեպի գեղեցիկը, տիեզերականն ու աստվածայինը։ Այս իշխանությունն էլ գնաց, ուրիշն եկավ, էլի իրենց հետ չեմ լինելու, ես երգելու եմ, ստեղծագործելու եմ։ Լավը եղավ, ասելու եմ բրավո, ձեր ցավը տանեմ, վատ բան եղավ, բացթողումներ եղան, պիտի ասեմ, որ սխալ է»։

Երգիչն անդրադարձավ նաև պատմամշակույթային վայրերին, նշեց, որ եթե Ֆիրդուսը չեն կարողանում պահպանել, թող մտածեն նոր կոնստրուկցիաներով ինչպես մնացածը պահպանեն. «Չի պահպանվում, լավ անհնար է, մի հատ մշակութային կենտրոն թող սարքեն ։90-ականներից ոչ մի մշակութային կենտրոն չեն սարքել, ոչ մեկ չի արել։ Ես քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, բայց այն մարդիկ, ովքեր կախված են ֆեյսբուքից, ինչ-որ բաներ են անում, խնդրում եմ անձնական տիրույթ չմտնել, քանի որ դա շատ անհարգելի է այդ բառապաշարով ու մտածելակերպով դա անելը։ Դա մեր ազգին հարիր չէ, հետո նստում եք սեղաների շւրջ, ծնող եք գովերգում, պապու տատու կենաց եք խմում, մեր հող ու ջրի համար եք անում, բայց դուք հեռու եք դրանից։ Չի կարելի, ինչքան էլ դրա համար ձեզ վճարում են։ Պետք է տեսնես այդ մարդու անցած ճանապարհը, թե նա ինչ է արել՝ կոշկակարից սկսած։ Դա անթույլատրելի է։ Շատ ցավում եմ և ուզում եմ, որ մեր երկիրը հզոր լինի, խոհեմ քայլեր լինեն և պետականամշակ գործողություններ լինեն»։