Հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը

Վաշինգտոնը տեղի ունեցածը սպառնալիք է համարում

Իրաքում հրթիռակոծել են ԱՄՆ դեսպանատունը, որը գտնվում է Բաղդադի այսպես կոչված «կանաչ գոտում»: Դա տեղի է ունեցել դեսպանատան տարածքում Patriot զենիթահրթիռային համակարգերի փորձարկումից մի քանի ժամ անց, Թերթ․am-ի փոխանցմամբ գրում է Lenta.ru կայքը` հղում տալով Rudaw հեռուստաալիքին:

Զենիթահրթիռային համակարգի փորձարկումը դժգոհություններ էր առաջացրել Իրաքում: Մասնավորապես` Իրաքի խորհրդարանի փոխխոսնակ Հասան ալ-Քաաբին և անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Մուհամեդ Ալ Ռիդան այդ քայլը բնորոշել են որպես «սադրանք»:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ տեղյակ է իրավիճակից: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղի ունեցածը սպառնալիք է համարում:

«Դա վտանգավոր է ոչ միայն մեզ, այլ նաև Իրաքի կառավարության, հարևան դիվանագիտական առաքելությունների, նախկին միջազգային գոտու և հարևան թաղամասերի բնակիչների համար»,-ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Հունիսի կեսերին Իրաքի զինված ուժերի համատեղ հրամանատարությունը տեղեկացրել է, որ վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին կարգադրել է ստեղծել հատուկ հանձնաժողովներ ՝ նման միջադեպերը կասեցնելու համար: