Պետական կառույցները դիմակներ են գնում 2 ամիս առաջ արտադրություն սկսած «Տավուշ տեքստիլից». Tert.am

Ընկերությունից այսօր բժշկական դիմակներ հատը 60 դրամով ձեռք են բերում պետական կառույցները

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը ներկայումս Հայաստանում ամենամեծ քանակի դիմակներ արտադրող ընկերությունն է, դիմակների արտադրությունը ընկերությունը սկսել է ընդամենը երկու ամիս առաջ՝ մայիսի 4-ից: Ընկերությունից այսօր բժշկական դիմակներ հատը 60 դրամով ձեռք են բերում պետական կառույցները: «Տենդեր մոնիթորինգ» կայքից Tert.am-ը տեղեկանում է, որ ընկերությունից դիմակների վերջին խոշոր ձեռքբերումը՝ 1.8 մլն դրամի, կատարել է վարչապետի աշխատակազմը:

Tert.am-ը զրուցել է «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք կա պայմանավորվածություն, որ պետական կառույցներն այսուհետ պետք է իրենցից ձեռք բերեն դիմակներ, քանի պետական կառույց է ձեռք բերում և այլ հարցեր:

Եզեկյանը նախ նշեց, որ չի հաշվել, թե քանի պետական կառույց է իրենցից դիմակ ձեռք բերում: «Երևի բոլորն էլ ձեռք են բերում և ոչ միայն մեզնից: Եթե ես չեմ սխալվում, մրցույթով չի արվում ձեռքբերումը: Որոշում կար, որ դիմակների, բժշկական այլ պարագաների հետ կապված գնումները պարզեցված ընթացակարգով են անում կազմակերպությունները»,- ասել է նա:

Հարցին՝ չի՞ կարող ասել, թե այս պահին քանի պետական կառույց է իրենցից ձեռք բերել դիմակներ, տնօրենն ասել է. «Մեզնից ձեռք են բերել Ազգային ժողովը, դատախազությունը, բժշկական հաստատությունները, կառավարությունը, սպասարկման ՊՈԱԿ-ը. երևի 4-5 պետական կառույց»:

Իսկ թե երբվանից են սկսել պետական կառույցներն իրենցից ձեռք բերել, նա նշել է, որ իրենց արտադրությունը սկսել են մայիսի 4-ից, և որ «Տավուշ տեքստիլը» Հայաստանի ամենախոշոր դիմակ արտադրող կազմակերպությունն է:

«Երբ դեֆիցիտ կար Հայաստանում, մենք ենք արտադրել, որի շնորհիվ այսօր դեֆիցիտ չկա, պրոֆիցիտ կա, և նույնիսկ կարող են արտահանում անել: Այնպես չէ, որ մենք միայն պետական կառույցներին ենք տալիս, ումից պատվեր է լինում, տալիս ենք: Հստակ օր չեմ կարող ասել, թե երբվանից ենք սկսել պետական կառույցների մատակարարել, բայց մայիսից, որ սկսել ենք արտադրել, արդեն պատվերներ ունեցել ենք, ավելի ճիշտ՝ սկսել ենք արտադրել, հետո պատվերներ ենք ստացել»,- ասել է նա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում