Ի՞նչ շնորհներ է տվել ինձ Աստված

Մոռանանք «չեմ կարող» կամ «չի ստացվի» արտահայտությունները և գործենք՝ ապավինելով Տեր Աստծուն
Հիսուս

Կյանքի զանազան իրավիճակներում ցանկանում ենք հանձնվել ժամանակից շուտ և կամ էլ հասկանում ենք, որ մեզ տրված դրական շնորհները ծառայեցրել ենք չարին։ Այդ պահին խորհելով Աստծո և մեր հարաբերությունների մասին՝ հարցնում ենք՝ ի”նչ շնորհներ է տվել ինձ Աստված։

Խորհելով այս հարցի շուրջ՝ բացահայտում ենք Աստծո կողմից մեզ տրված շնորհները և անակնկալի գալիս․ ի՞նչ շնորհ ունենք, որ Աստծուց տրված չէ, կա՞ նման գոնե մեկը։ Անգամ մեզ համար ամենաթանկը՝ կյանքը, որ մեծագույն հնարավորությունն է մեզ, տրված է հենց Նրանից՝ Աստծուց։ 

Միաժամանակ տեսնելով, որ բոլորիս էլ Աստծու կողմից տրված են հավասար հնարավորություններ և շնորհներ, մտածում ենք, թե այդ ինչպես է հաջողվում մեզնից ոմանց բարձունքների  հասնել, իսկ մյուսներին՝ ոչ։ Այս հարցի պատասխանը, ինչպես և բոլոր հարցերինը, զետեղված է Աստվածաշնչում։ 


Ընթերցենք «Երեք ծառաների առակը» (Մատթ․ 25։14-30)․

«Մի մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց տվեց. մեկին տվեց հինգ քանքար, մյուսին` երկու և մի ուրիշին`մեկ. յուրաքանչյուրին  ըստ իր կարողության. և գնաց: Ով հինգ առավ, իսկույն գնաց, դրանով գործ արեց և հինգ ևս շահեց: Նույնպես նա էլ, որ երկուսն առավ, երկու ևս շահեց: Իսկ ով մեկն առավ, գնաց հողը փորեց և իր տիրոջ դրամը թաքցրեց: Շատ ժամանակ անց, այդ ծառաների տերը եկավ և նրանց հետ հաշիվ տեսավ: Ով հինգ քանքար էր առել, մոտենալով` հինգ քանքար ևս տվեց ու ասաց. «Տե´ր, հինգ քանքար տվիր ինձ. արդ, ահավասիկ վրան հինգ քանքար ևս շահեցի»: Իր տերը նրան ասաց. «Ապրե´ս, բարի´ ու հավատարի´մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտի´ր քո տիրոջ ուրախության մեջ»: Ով երկու քանքար էր առել, նա էլ մոտեցավ ու ասաց. «Տե´ր, ինձ երկու քանքար տվիր, ահավասիկ երկու այլ քանքար ևս, որ դրանց վրա շահեցի»: Իր տերը նրան ասաց. «Ապրե´ս, բարի´ ու հավատարի´մ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, մտի´ր քո տիրոջ ուրախության մեջ»: Մոտեցավ նաև նա, որ մեկ քանքար էր առել, ու ասաց. «Տե´ր, գիտեի, որ դու մի խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, ուր չես ցանել, վախեցա, գնացի ու թաքցրի քո այս քանքարը հողի մեջ: Արդ, ահավասիկ, քոնը` քե´զ»: Տերը պատասխան տվեց ու ասաց նրան. «Չա´ր և ծո´ւյլ ծառա … դու պետք է իմ այդ դրամը լումայափոխների մոտ դնեիր, և ես, գալով, տոկոսով միասին պահանջեի այն, ինչ որ իմն է: Արդ, դրանից առե´ք այդ քանքարը և տվե´ք նրան, ով տասը քանքար ունի, քանի որ` ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի: Իսկ այդ անպիտան ծառային հանեցե´ք դուրս, արտաքին խավարը, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում»:

Այս առակում հեռու երկիր գնացող տերը Քրիստոս է, ում վերադարձն էլ խորհրդանշում է Նրա Երկրորդ Գալուստը, երբ յուրաքանչյուրը պիտի հաշվետու լինի, թե ինչպես է օգտագործել և ինչին է ծառայեցրել Տիրոջից տրված հնարավորություններն ու շնորհները։ Ի՞նչ է հետևում այս առակից։ Անգործ, ծույլ ծառային Տերն անվանում է «անպիտան», իսկ աշխատասերին՝ գովեստի խոսքեի արժանացնում, քանի որ Աստծուն հաճելի է ոչ թե մեր շնորհները թաքցնելը, այլ բազմապատկելն ու  ծառայեցնելը դրանք՝ ի նպաստ բարու։ Եվ հնչած վերջին խոսքերն էլ՝ «ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածը պիտի ավելացվի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի», այս ամենի ապացույցն են։ 

Ուստի՝ մտածենք, թե որն է լինելու մեր վարձքը։ Արդյոք կյանքում մեր արարքներով նման ենք աշխատասե՞ր, թե՞ ծույլ ծառային։ Ամեն անգամ, երբ մեզ տրված շնորհները ծառայեցնում ենք չարին, ամեն անգամ, երբ անգործությամբ ենք արձագանքում որևէ մեկի կանչին, մտածենք՝ արդյոք չե՞նք նմանվում երրորդ ծառային։ Մոռանանք «չեմ կարող» կամ «չի ստացվի» արտահայտությունները և գործենք՝ ապավինելով Տեր Աստծուն։