Հիմա Հայաստանում Օտար Խաղեր են սկսվել՝ օտար ազդեցության գործակալներով, բայց դրանց համար հասարակ ժողովուրդն է վճարելու

Ինչի եմ սա գրում՝ ուրիշի խաղերի մեջ մտնելը շատ դաժան հետևանքներ է ունենում, վառ օրինակը 1915 թվականի Ցեղասպանությունն է, որից դասեր չենք էլ քաղել

Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք։ Պարզ է, որ այն օգտագործվում է իշխանության համար մղվող պայքարի համար որպես արտաքին ռեսուրս, սակայն դրա հնարավոր հետևանքները չեն սահմանափակվի ներքաղաքական շրջանակներում։

Այդ առիթով մի փոքրիկ պատմական էքսկուրս, ավելի հանգամանալից մեկ այլ առիթով կգրեմ։

Ուինստոն Չերչիլն անկեղծության պահին ասել էր, որ վերջին 400 տարիների ընթացքում Բրիտանիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն այն էր, որ թույլ չտա Եվրոպայում առաջ գա որևէ երկիր, որը կարողանա մրցակցել Բրիտանիայի հետ։ Խնդիրը Բրիտանիայի հեգեմոնիան ապահովելն էր։ Դրա ամերիկյան տրանսֆորմացիսն Վուլֆովիցի դոկտրինն էր, արդեն աշխարհի մակարդակով՝ ոչ մի երկիր չպետք է կարողանա այնքան հզորանալ, որպեսզի կարողանա ձեռնոց նետել ԱՄՆ հեգեմոնիային և դրա համար ցանկացած միջոց թույլատրելի է՝ ցանկացած միջոց։

Հիմա նորից վերադառնանք Բրիտանիային։ 19-րդ դարի կեսերին Բրիտանիայի վարչապետը մի հետաքրքիր անձնավորություն էր՝ Հենրի Պալմերստոնը, որին են վերագրում Եվրոպայում և Մերձավոր Արևելքում սկսված հեղափոխական շարժումների ստեղծումը, իմիջիայլոց տիպական անուններով՝ Երիտասարդ Իտալիա, Երիտասարդ Մակեդոնիա, Երիտասարդ Սերբիա, Երիտթուրքեր և այլն։ Անգամ դրանց կանոննադրություններն էին տիպային։ Ի դեպ, Դաշնակցությունը նույնպես առաջացել է «Երիտասարդ Հայաստան» կոմիտեի վերակազմավորման հետևանքով։

Դրանց նպատակն արդեն պետք է պարզ լինի՝ քանդել Եվրոպայի կայսրությունները, որպեսզի Բրիտանիան չունենա մրցակիցներ։

Նույնը հիմա է կատարվում, մի տարբերությամբ, առաջ ազգայնական գաղափարներն էին օգտագործում, հիմա՝ լիբերալ գլոբալիստական։

Ինչի եմ սա գրում՝ ուրիշի խաղերի մեջ մտնելը շատ դաժան հետևանքներ է ունենում, վառ օրինակը 1915 թվականի Ցեղասպանությունն է, որից դասեր չենք էլ քաղել։

Հիմա Հայաստանում Օտար Խաղեր են սկսվել՝ օտար ազդեցության գործակալներով, բայց դրանց համար հասարակ ժողովուրդն է վճարելու՝ արյունով, ինչպես որ լինելու է նման դեպքերում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան