Դեռ «ջախջախելու» շատ «թշնամիներ» կան. այս իշխանությունների և բոլշևիկների նմանությունները

Հիմա էլ ենք մենք լսում՝ «ահա, ընտրություններն ավարտվեն, ահա, սրան կամ նրան կնստեցնենք, ահա այս կամ այն ուժը պատմության աղբանոց կուղարկենք, ահա Սահմանադրական դատարանը կցրենք... եւ կսկսվի նոր երջանիկ կյանքը»

Ավելի քան երկու տարի իշխանության և նրա կողմնակիցների շուրթերից ես լսում եմ. «Հին համակարգը դիմադրում է, հակաժողովրդական, հակահեղափոխական տարրերը դեռևս չեն ջախջախվել»: Քանի որ կյանքիս առաջին 30 տարիների ընթացքում ես ապրում էի Խորհրդային միությունում, ես, իմ հասակակիցների նման, ուսումնասիրում էի այդ երկրի պատմությունը: Իրականում ոչ միայն ստիպված էի դա անել, այլեւ դա ինձ հետաքրքիր էր, եւ հիմա էլ, հա­վանաբար, այդ պատմությունը չի կորցրել արդիակա­նությունը, քանի որ այսօրվա Հայաստանում ապրող մարդիկ կա՛մ անձամբ ապրել են այդ ժամանակաշր­ջանում, կա՜մ ապրածների ժառանգներն են:

Եվ ահա այդ պատմությունից մենք գիտենք, որ բոլշեւիկներն իրենց իշխանության առաջին 20-25 տա­րիների ընթացքում նույնպես կարծում էին [կամ ձեւ էին անում, թե կարծում են], որ կա ներքին դիմադ­րություն, որը պետք է կոտրել ամենադաժան միջոց­ներով: Ովքե՞ր էին դիմադրողները՝ «բուրժույները», «կուլակները», հեղափոխության արժեքների հանդեպ կասկածելի դիրքորոշում ունեցող հոգեւորականները, մտավորականները, պրոֆեսիոնալ զինվորականները: Բոլոր այդ խմբերի ներկայացուցիչները բնութագրվում էին որպես «недобитая контра»՝ «վերջնականապես չջախջախված հակա»-ներ:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ բոլոր «անբարեհույս տարրերին» ոչնչացնելուց հետո բոլշեւիկները դարձյալ պնդում էին, որ ներքին դիմադրությունը եւ դա­վադրությունները շարունակվում են: Իսկ ովքե՞ր էին այդ դեպքում «դավեր նյութում», բնականաբար, յուրա­յինները՝ այն մարդիկ, որոնց հետ միասին ջախջա­խում էին «նախկին հանցավոր»՝ ցարական ռեժիմի ներկայացուցիչներին: Նրանք, պարզվում է, սկզբից, ճիշտ է, հեղափոխական էին, իսկ հետո «դավաճանե­ցին հեղափոխական արժեքներին»: Կառավարման այս ձեւը մշտապես ենթադրում է «դիվերսանտների», «սաբոտաժնիկների», «համաշխարհային իմպերիալիզ­մի գործակալների», «5-րդ շարասյան» եւ այլ ներքին թշնամիների առկայությունը:

Նրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ էին «նոր մտածելակերպ» ունեցող մարդիկ, եւ նրանց դաստիարակելու նպատակով մշտական հարձակումների էին ենթարկվում հասարակական երկու հիմնա­կան ինստիտուտները՝ եկեղեցին եւ ընտանիքը [դրա մասին ավելի մանրամասն՝ մեկ ուրիշ անգամ]: Ինչ­պե՞ս այդ ամենն ավարտվեց: Հայրենական մեծ պա­տերազմի ժամանակ Ստալինը հասկացավ, որ մար­դիկ իրենց հողը չեն կարող պաշտպանել «հեղափո­խական գաղափարներով», որ նրանց պետք է հիմնա­վոր մոտիվացիա, որը տալիս են միայն ավանդա­կան, պահպանողական արժեքները: Հենց այդ ժամա­նակ իշխանությունը սկսեց «ժեստեր անել» եկեղեցու, այն թվում՝ Մայր աթոռի եւ մեր Սփյուռքի ուղղու­թյամբ:

Իհարկե, մենք հիմա ապրում ենք բոլորովին այլ պայմաններում, եւ բռնապետությունն էլ մեզ, բնակա­նաբար, չի սպառնում: Բայց որոշակի օրինաչափու­թյուններ, այնուամենայնիվ, կրկնվում են: Հիմա էլ ենք մենք լսում՝ «ահա, ընտրություններն ավարտվեն, ահա, սրան կամ նրան կնստեցնենք, ահա այս կամ այն ուժը պատմության աղբանոց կուղարկենք, ահա Սահմանադրական դատարանը կցրենք... եւ կսկսվի նոր երջանիկ կյանքը»: Բայց ամեն մի փուլից հետո «պարզվում է», որ ներքին թշնամիներ եւ դավադիր­ներ, այնուամենայնիվ, կան: Ինչպե՞ս է դա ավարտ­վելու: Առաջարկում եմ ընթերցողներիս խոսել դրա մասին:

«Առավոտ»