«Պուտինը ստացավ իր ուզածը. դեպի ցմահ նախագահություն». Vox

Նա կկարողանա ներկայիս ժամկետից ավելի երկար մնալ իշխանության գլխին՝ ի վերջո դառնալով ցմահ նախագահ

Ամերիկյան Vox կայքը ծավալուն անդրադարձ է կատարել Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների՝ այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» վերաբերյալ համառուսաստանյան հանրաքվեին՝ նկատելով, որ դրա արդյունքը Պուտինին տվեց այն, ինչ ինքը ցանկանում էր, կայքի վերլուծականը ներկայացրել է tert.am կայքը:

«Ռուսաստանի նախագահը ստացավ այն, ինչ ուզում էր քվեարկությունից. բարձր վարկանիշի քողի տակ ծպտված ծրագիր, ըստ որի՝ նա կկարողանա ներկայիս ժամկետից ավելի երկար մնալ իշխանության գլխին՝ ի վերջո դառնալով ցմահ նախագահ»,-գրում է հոդվածի հեղինակ Ջեն Քիրբին՝ նկատելով, որ հանրաքվեի արդյունքները միանգամայն կանխատեսելի էին և մեծամասամբ կանխորոշված:

Քիրբին ընդգծում է, որ Ռուսաստանն ընտրակեղծարարության լուրջ փորձ ունի, և վերջին հանրաքվեն այդ առումով բացառություն չէր:

«Պուտինը, որը 1999թ. ի վեր իշխանության է, պետք է պաշտոնը լքեր 2024թ.՝ չնայած փորձագետների մեծ մասը ենթադրում էր, որ նա դրանից խուսափելու տարբերակ կգտնի: Նրա ծրագրերն ավելի ակնհայտ դարձան այս մարտին, երբ կորոնավիրուսային ճգնաժամի դեռևս վաղ փուլում, Ռուսաստանի խորհրդարանը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթ, որը նաև ենթադրում էր Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացում», ինչն էլ նրան կարող է ցկյանս նախագահ դարձնել (2036թ. Պուտինն արդեն 83 տարեկան կլինի)»,-շարունակում է հեղինակը:

Քիրբին նկատում է, որ այս ամենում կա մի զավեշտալի բան. իրականում Պուտինը ռուս ժողովրդի կարիքը չուներ հանրաքվեում այս փոփոխությունների օգտին քվեարկելու համար, նա արդեն անհրաժեշտ հավանությունը ստացել էր խորհրդարանից, դաշնային կառավարություններից և դատարաններից. հանրաքվեն նրան անհրաժեշտ էր ցույց տալու համար, որ շարունակում է վայելել ժողովրդի աջակցությունը:

«Իրականում ոչ միայն սահմանադրական փոփոխություններն էին ընդունվել, այլև նոր փոփոխված սահմանադրությունը տպվել ու վաճառքի համար գրախանութներ էր ուղարկվել նախքան հանրաքվեի անցկացումը: Բայց դա չի նշանակում, որ հանրաքվեն նշանակություն չուներ. ուներ, միայն թե այլ պատճառով: Միգուցե, Պուտինը ժողովրդի քվեի կարիքը չուներ, սակայն նա այդ քվեն ուզում էր՝ այն էլ շատ, որպեսզի օրինականացնի իշխանության զավթումն ու Ռուսաստանի հզոր էլիտային ազդակ ուղարկի առ այն, որ Պուտինը դեռևս պինդ տղա է և համաշխարհային ճգնաժամի պայմաններում իր կարիքը զգացվելու է»,-գրում է Քիրբին՝ հիշեցնեով, որ փոփոխությունների օգտին քվեարկել է մասնակիցների 77 տոկոսը, ինչը նշանակում է, որ Պուտինը առնվազն թղթի վրա իր համար ցմահ պաշտոն է ապահովել:

Այնուամենայնիվ, ըստ հոդվածագրի, Պուտինն այժմ վտանգավոր իրավիճակում է, քանի որ համավարակի ընթացքում երկրի տնտեսական իրավիճակը վատացել է:

«Սա շատ հեգնական իրավիճակ է: Սահմանադրական փոփոխություններն իշխանության զավթում են, որն իրականացվում է որոշ առումով ոչ թե ուժի, այլ թուլության դիրքից»,-կայքի հետ զրույցում հայտնել է Կոլումբիայի համալսարանի հետխորհրդային արտաքին քաղաքականության գծով պրոֆեսոր Տիմոտի Ֆրայը:

Հեղինակը ուշագրավ է համարում նաև այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք մոտ 200-ն են ու ենթադրում են կենսաթոշակի երաշխավորում, ամուսնությունը որպես կնոջ և տղամարդու միջև միության ամրագրում, ինչպես նաև հաստատում են հավատին առնչվող կարգավորումները, մեկ ամբողջական փաթեթով զուգակցվում են նախագահական ժամկետների «զրոյացման» հետ:

«Սա նշանակում է, որ եթե դուք ցանկանում եք կենսաթոշակային երաշխիքներ ստանալ կամ Աստծո նկատմամբ ժողովրդի միասնական հավատն արտահայտել, ապա ձեռքի հետ էլ պետք է հավանություն տաք Պուտինի ցմահ նախագահությանը: Եվ այս առումով Կրեմլը արշավը կառուցել էր վերը նշված պահանջված թեմաների շուրջ՝ դրանք դարձնելով հանրաքվեի առանցքային բաղկացուցիչը՝ դրանց ֆոնին միտումնավոր նվազեցնելով ժամկետների «զրոյացման» կետը»,-նշել է Քիրբին:

«Դրանք շեղելու միջոց էին, քանի որ ակնհայտ էր, որ միակ նպատակը Պուտինի պաշտոնավարման շարունակության համար դրական արդյունք ստանալն էր»,-հեղինակի հետ զրույցում նշել է Chatham House վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ, ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Էնդրյու Վուդը: