Իշխանությունները զարմացել են ու անակնկալի եկել

Բանն այն է, որ նրանք խորապես վստահ են եղել, թե «նախկինները» ներուժ չունեն եւ չեն կարողանա մարդ հանել փողոց

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները ակցիա էին իրականացրել՝ նամակներ հանձնելով ԵՄ պատվիրակությանը, ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, «փաստելով, որ ժողովրդավարությունն անհնարին է առանց իրավունքի գերակայության սկզբունքի հարգման եւ պահպանման, իսկ երկրի բարձրագույն օրենքի կոպիտ անտեսումն ու ոտնահարումը, Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգության հանդուրժումը վտանգում է եւ իսպառ վտանգելու է ողջ դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետությունում, կոչ է անում նշյալ կառույցներին զերծ մնալ կողմնակալ հակաժողովրդավարական հայտարարություններից եւ տիրող հակաիրավական իրավիճակին տալ օբյեկտիվ ու անաչառ գնահատական/արձագանք»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները անակնկալի են եկել ակցիայի՝ սպասվածից ավելի բազմամարդությունից: Բանն այն է, որ նրանք խորապես վստահ են եղել, թե «նախկինները» ներուժ չունեն եւ չեն կարողանա մարդ հանել փողոց: 

Ավելին, ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանին սկզբից զեկուցել են, թե «հազիվ մի տասը հոգի կարողանան հավաքել»: Ի վերջո, իշխանությունների զարմանքն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հավաքը ցրելու գործողություններ չեն իրականացրել: Թերթի՝ կառավարության աղբյուրը փոխանցում է, թե Փաշինյանը «պատեպատ է տվել» իրեն սխալ տեղեկություններ զեկուցողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում