Լրատվամիջոցի ղեկավարին Իրանում մահապատժի են դատապարտել արտասահմանյան կազմակերպություններից օգնություն ստանալու համար

Զամն արտաքսված էր և ապրում էր Փարիզում, սակայն անհայտ է, թե նա որտեղ և ինչպես է ձերբակալվել
իրան

Իրանում մահապատժի են դատապարտել լրատվական պորտալներից մեկի ղեկավարին` արտասահմանյան հետախուզական կազմակերպություններից օգնություն ստանալու համար: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «Tasnim» գործակալությունը` հղում տալով Իրանի դատական իշխանության խոսնակ Ղոլամ Հոսեին Էսմաիլիին:

Ըստ գործակալության տվյալների՝ դատավճիռը դեռևս վերջնական չէ, դատապարտյալը կարող է բողոքարկել այն:

2019 թվականի հոկտեմբերի կեսերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկացրել էր Amad News պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամի ձերբակալության մասին: Համաձայն բաց աղբյուրների՝ Զամն ակտիվորեն լուսաբանել է 2017 թվականի դեկտեմբեր-2018-ի հունվար ամիսներին Իրանի ամբողջ տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիաները:

Զամին ձերբակալել են «հակահեղափոխական գործունեության համար»: Հաղորդվում է, որ նրա գործողությունները ղեկավարել է Ֆրանսիայի հետախուզությունը, նա նաև աջակցություն է ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայություններից:

Զամն արտաքսված էր և ապրում էր Փարիզում, սակայն անհայտ է, թե նա որտեղ և ինչպես է ձերբակալվել: