Խնդրում եմ, հանկարծ չդառնաք սրանց ձեռքը գործիք, օգտագործվեք ու դուրս շպրտվեք. գնդապետը՝ ոստիկաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դուք ո՞վ եք, որ իմ փոխարեն նման բան անեք, հանրաքվե արեք

Կորոնավիրուսի դեմ պայքարն ի սկզբանե տապալված էր, քանի որ մենք ունենք ապիկար ու ապաշնորհ կառավարություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

Շիրինյանը հիշեցրեց, որ կարանտինի առաջին օրերին քաղաքը դատարկ է եղել, մարդիկ գիտակցել էին խնդիրը, պատրաստ էին կատարել պահանջները. «Սակայն մեր ապիկար պարետն ու իշխանությունները մարդկանց հնարավորություն տվեցին թղթի վրա ազատական գրել ու դուրս գալ: Պարզ է, որ մարդիկ կօգտվեին դրանից, դրա համար էլ արդեն 2-3 օր հետո փողոցներում քաոս էր»:

Շիրինյանի խոսքերով, պետք չէ դիմակ բաժանել բոլորին, պետք է տալ միայն դրա կարիքն ունեցողներին: Նա դատապարտեց նաև այն, որ թույլ չեն տալիս միայնակ գտնվող մարդկանց գոնե մաքուր օդ շնչել. «Նրանք տապալել են պայքարը: Հիմա էլ հայտարարում են, թե մինչև դեկտեմբեր արտակարգ դրություն կարող է լինել: Սա իշխանությունը երկարաձգելու հերթական անհաջող փորձերից մեկն է»:

Շիրինյանը կարծում է, որ հիմա քաղաքացիներն արդեն լուրջ չեն ընդունում իշխանություններին. «Երկրի ղեկավարը հայտարարում էր, թե կորոնավիրուսն ում շունն է, Առողջապահության նախարարն ասում, որ Հարավային Կորեայից է եկել ու վարակելու է բոլորին, պարետատան նիստից հետո դուրս են գալիս ու դիմակի մասին խոսում, հետո Առողջապահության նախարարն ասում է՝ ով է ասել, որ պետք է դիմակ կրել: Այսքանից հետո ինչպե՞ս կարող են մարդիկ նրանց լուրջ ընդունել: Միակ լուծումը նրանց հեռանալն է»:

Գնդապետը վստահեցրեց, որ սոցիալական բունտ է հասունանում. «Իշխանությունները կտրված են իրականությունից, այլևս չեն վայելում ժողովրդի վստահությունը: Գնում են մեր անունից Սահմանադրական փոփոխություններ են անում: Դուք ո՞վ եք, որ իմ փոխարեն նման բան անեք, հանրաքվե արեք: Մանկուրտն ո՞վ է, որ իմ փոխարեն որոշի»:

Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատանքին, Շիրինյանը հայտարարեց, որ 2008-ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին սադրեց, բախումների տարավ ոստիկանության հետ. «Նրա հոգին փառավորվում էր, երբ ոստիկաններին ծեծում էին, իսկ հիմա նա արդեն ոստիկաններին է հանում ժողովրդի դեմ:

Եթե այն ժամանակ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էր համարում, հիմա ասում է, որ ոստիկանությունն ուժային կառույց է, իրավունք ունի ուժ կիրառելու:

Ես դիմում եմ իմ գործընկերներին՝ հանկարծ չդառնաք սրանց ձեռքը գործիք, օգտագործվեք ու դուրս շպրտվեք: Այս իշխանություններն ամեն ինչ անելու են, բախումների են գնալու, արյան ծարավ են:

Խնդրում եմ, քայլ անելուց առաջ մտածեք: Այս իշխանությունները հավերժ չեն, նորերը գալու են ու պատասխանատվությունն անխուսափելի է լինելու: Ես չեմ ցանկանում լինել նրանցից մեկը, ովքեր ձեզ պատժելու են»: