Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կհեռարձակվեն «դեղատոմսով». «Կոմերսանտի» անդրադարձը

Հեռուստաալիքների բովանդակությունը պետք է կրկնօրինակվի հայերենով կամ ուղեկցվի հայերեն տիտրերով

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Հայաստանում արտասահմանյան, այդ թվում և ռուսական հեռուստաալիքների հեռարձակման կանոնների փոփոխման մասին օրինագծին:

Պարբերականը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանում ՌԴ դեսպանության արձագանքը «Տեսալսողական մեդիածառայությունների մասին» նոր օրենքի նախագծին՝ նշելով, որ եթե այն վերջնականապես ընդունվի, ապա ռուսական ալիքները կկարողանան սովորական հեռարձակման ցանցում հայտնվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա:

«Բացի այդ, հեռուստաալիքների բովանդակությունը պետք է կրկնօրինակվի հայերենով կամ ուղեկցվի հայերեն տիտրերով»,- ընդգծում է պարբերականը:

«Կոմերսանտը» մեկնաբանություն է ստացել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից, որը, պատասխանելով պարբերականի հարցին, ընդգծել է, որ օրինագծի նպատակները ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական են:

«Մուլտիպլեքսի ալիքների սահմանափակ քանակը երկրի միակ թվային մուլտիպլեքսից դուրս է թողնում տեղական հեռուստաալիքները՝ ի շահ առավել հզոր արտասահմանյանների»,- պարզաբանել է Հակոբյանը:

Նրա խոսքով՝ եթե բոլորը կարողանան հայտնվել մուլտիպլեքսում, դա «հակառուսական քարոզարշավի» մեծացման վտանգ կստեղծի արևմտյան երկրների հեռուստաաիքների կողմից: «Վերջին տարիներին չի եղել մի դեպք, որ հանձնաժողովը թույլ չտա ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը մալուխային ցանցում: Հայաստանի մալուխային օպերատորների փաթեթներում շուրջ 400 հեռուստածրագիր կա, որոնցից 209-ը ռուսական արտադրության են, 114-ը՝ եվրոպական և ամերիկյան: Ի դեպ, դրանցից շատերը գնվում են Ռուսաստանից և հեռարձակվում ռուսերենով: Միևնույն ժամանակ Հայաստանի տնտեսությունների 65 տոկոսն արդեն բաժանորդագրված է մալուխային օպերատորների փաթեթներին»,- հավելել է Հակոբյանը: