Նիկոլ Փաշինյանը թքած ունի ե΄ւ Սահմանադրության վրա, ե΄ւ օրենքների վրա, ինքը անում է այն, ինչ ուզում է: Այս մասին այսօր` հունիսի 27-ին, ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:
«Այսօր համարժեք չէ ընդդիմության պահվածքը, որովհետեւ ամեն օր արթնանում ես ու բոլորը խոսում են այն մասին, որ հակաօրինական ու հակասահմանադրական ուղղություն է որդեգրել իշխանությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Լավ հասկացանք, ինքը թքած ունի ե΄ւ Սահմանադրության վրա, ե΄ւ օրենքների վրա, ինքը անում է այն, ինչ ուզում է, իր ընտանեկան կապալը անում է այն ինչ ուզում է եւ պետական կառույցները այսօր գոյություն չունեն, կամ իշխանության ճյուղերն այսօր գոյություն չունեն, իր անմիջական հարկադրանքի ու պարտադրանքի տակ են գտնվում եւ, բնականաբար, ասում ենք բավական է այլեւս:
Ինքը ուշադրություն չի դարձնում դրա վրա, բնականաբար պետք է համարժեք քայլեր ձեռնարկել, դրանք էլ ես ուրիշ բան չեմ ասում, այն գործիքակազմը, որով Փաշինյանը եկել է իշխանության` փողոցները փակելով, ռադիոտան դոռը ջարդելով»,-ասաց նա:
Նրա խոսքով` եթե իրվապահները քրեաիրավական գնահատականներ չտվեցին Նիկոլ Փաշինյանի արարքներին, ապա յուրաքանչյուր քաղաքացի կարող է անել այն, ինչ արել է Փաշինյանը:
Ռուբեն Հակոբյանը հավելեց, որ իրեն ԱԱԾ են հրավիրել Սահմանադրական կարգը տապալելու կոչերի հետ կապված, երեկ տված հարցազրույցում:
«Իսկապես Սահմանադրական դատարանին պետք է տեր կանգնել, որովհետեւ այդ միակ բաստիոնը որը կարողանում է կենդանության նշույլներ ցույց տալ եւ չի ենթաիվում վարչապետի բռնատիրական նկրտումներին, մենք պետք է կարողանանք տեր կանգնել»,-ասաց նա:
Տեսանյութը՝ news.am-ի
0Comments