Կոտրել են «Գոլոս Արմենիի» կայքը

Մենք չենք բացառում, որ հարձակումը կարող էր իրագործվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից

«Գոլոս Արմենիի» (golosarmenii.am) թերթի խմբագրությունից հայտնել են, որ հունիսի 26-ի առավոտյան պարբերականի կայքը կոտրել են: Չնայած մասնագետների բոլոր ջանքերին՝ դեռեւս չի հաջողվում վերականգնել կայքի բնականոն աշխատանքը, նաեւ հայտնի չեն վերականգնման մոտավոր ժամկետները: Այդ մասին ասված է «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրության տարածած հայտարարության մեջ:

«Ավելի վաղ կայքը նույնպես ենթարկվել էր տարբեր գրոհների, սակայն հաջողվել էր վերականգնել աշխատանքը համեմատաբար կարճ ժամկետներում:

Այն, ինչ տեղի է ունեցել այսօր առավոտյան, աննախատեպ է հարձակման ծավալների առումով: Մենք դեռեւս չունենք ճշգրիտ տվյալներ դեպքի պատճառների մասին եւ դիմել ենք համապատասխան մարմիններին դրանք պարզելու նպատակով: Միեւնույն ժամանակ, մենք չենք բացառում, որ հարձակումը կարող էր իրագործվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի կողմից:

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունն ու հավաստիացնում, որ արվում է ամեն ինչ կայքի աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: