Ես շարունակելու եմ աշխատել. ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը եկել էր աշխատանքի

Հարցին՝ մտահոգություն չունի արդյո՞ք, որ իրեն կարող են ուժով հեռացնել, ինչպե՞ս է կարգավորվում հարցը, տիկին Գյուլումյանը նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով

Ես շարունակելու եմ աշխատել. շարունակելու եմ իմ գործունեությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, որի լիզորությունները ըստ սահմանադրական փոփոխությունների, այսօրվանից դադարել են:

Հարցին՝ մտահոգություն չունի արդյո՞ք, որ իրեն կարող են ուժով հեռացնել, ինչպե՞ս է կարգավորվում հարցը, տիկին Գյուլումյանը նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով. «Որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը: Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռեւս շարունակում ենք աշխատել:

Դատարանում, երբ որեւէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային, այսպես ասած, որոշում է ըդնունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա: Իսկ հայտարարությունները ոչ իմ, որ էլ ձեր աշխատանքից ազատվելու հիմք չեն»,-ասաց նա:

Բացի դրանից, դատավորի խոսքով, պետք է լինի նաեւ իրավական հիմք, որ այդ որոշումը վերաբերում է նաեւ իրեն, իսկ հայտարարություններն այդպիսի հիմք չեն:

Հստակեցնող հարցին, թե արդյոք ինքը շարունակելու է գալ աշխատանքի, Գյուլումյանը պատասխանեց. «Դատարանը կոլեգիալ մարմին է համարվում եւ բնականաբար, եթե կգտնեն, որ ես այդտեղ պետք է չլինեմ եւ նույնիսկ դատարանն էլ ինձ թույլ չի տա այդ նիստերին մասնակցել, ես չեմ պատրաստվում ուժով դա անելու: Ես ուղղակի կպայքարեմ իմ իրավունքների համար: Ուկրաինայում հայտնի դեպքերից հետո նույնպես ՍԴ անդամների հետ այսպես վարվեցին, հեռացրեցին, ձեւավորեցին նոր ՍԴ իրենց սրտի դատարանը, բայց անցավ որոշակի ժամանակ, Ուկրաինայում ընտրվեց նոր նախագահը, որը առավել հեղափոխական էր, քան Պորոշենկոն էր ժամանակին, բայց մեւնույն է գտնելով, որ այն ժամանակ ՍԴ անդամների իրավունքները խախտվել են, վերականգնեց նրանց աշխատանքի: Չեմ կասկածում, որ նույնը կլինի այստեղ»:

Անդրադառնալով նրան, որ Հրայր Թովմասյանը եւ Արեւիկ պետրոսյանն արձակուրդ են գնացել, Գյուլումյանն ասաց. «Սովորաբար, երբ ՍԴ նախագահը արձակուրդ է գնում, նրան փոխարինում է տեղակալը:

Գյուլումյանը հաստատեց, որ իրավական քայլեր իր կողմից արվելու են. «Դա պետք է լինի դատական կարգով մեր իրավունքների պաշտպանությունը: Եթե գտնում են, որ ներպետական դատարաններ չկան այդ մասով, ուրեմն կդիմենք ՄԻԵԴ»: