Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ճակատից կախվել է ԼԳԲՏ համայնքի դրոշը

Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ դա տեղի է ունեցել ծիածանագույն դրոշի օրվա առթիվ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ճակատին ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշն է տեղադրվել: Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ դա տեղի է ունեցել ծիածանագույն դրոշի օրվա առթիվ:

Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ ծիածանագույն դրոշն առաջին անգամ ցուցադրվել է 1978 թվականի հունիսի 25-ին Սան Ֆրանցիսկոյում անցկացված գեյ շքերթի ժամանակ: Այն ներկայացրել էր ամերիկացի նկարիչ և ակտիվիստ Գիլբերտ Բեյքերը:

«ԼԳԲՏ համայնքի իրավունքները մարդու իրավունքներ են: Մարդու իրավունքները համամարդկային են: Հպարտության ամիսը կոչված է ընդգծելու, որ յուրաքանչյուր մարդ արժանի է ապրելու ատելությունից, նախապաշարմունքներից և հետապնդումներից զերծ կյանքով»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը Радио Маяк-ին հայտնել է, որ դրոշի հետ կապված իրավիճակին պետք է ուշադրություն դարձնի ԱԳՆ-ն: «Ոչ ավանդական սեռական փոքրամասնությունների ցանկացած քարոզ մեր երկրում օրենքով անթույլատրելի է», - ասել է Պեսկովը:

Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ դրոշը դեսպանատան շենքից հանվել է:

Թերթ․am