Վանեցյանը գիտի, թե ինչու չեն կալանավորել Գագիկ Ծառուկյանին

ԲՀԿ առաջնորդի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում

Մեր իրավապահները, առանց հիմքեր ունենալու, որով կարողանան մարդուն մեղադրել, պատասխանատվության ենթարկել, գնում են քաղաքական պատվերի կատարման, արդյունքում դատարանում չեն կարողանում մինիմալ մեղադրանքի ծավալը ներկայացնել, որպեսզի դատարանը կարողանա խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու դատարանը չկալանավորեց Գագիկ Ծառուկյանին:

Վանեցյանի խոսքերով, ԲՀԿ առաջնորդի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, ինչը սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս հանդես եկավ կառավարության 100 տոկոսի փոփոխության պահանջով. «Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ եղան մանիպուլիատիվ բնույթի տեղեկություններ:

2-3 օր ողջ քարոզչամեքենան զբաղված էր Ծառուկյանի տունն ու ունեցվածքը ցույց տալով, խոսում էին պետությանը 40 միլիարդ դրամ վնաս հասցնելու մասին և սա այն դեպքում, երբ մեղադրանքի մեջ որևէ խոսք դրա մասին չեղավ:

Նրան ներկայացվեց ինչ-որ անստորագիր թղթի հիմքով մեղադրանք, որի իրական լինելն իշխանությունները չկարողացան ապացուցել, և որի կեղծ լինելը Ծառուկյանի փաստաբանները, գոնե այս պահին, կարողացան ապացուցել»: