Հաջորդ իշխանությունները կարող են գնդակահարել ինձ. Հովիկ Աղազարյան

Չեմ ունեցել մտահոգություն, որովհետեւ ես հիմնավորումներն ունեմ, թե ինչու ենք արել

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ

- Պարոն Աղազարյան, Սահմանադրական դատարանի հարցով ո՞ւր է շտապում իշխանությունը։ Քաղաքական հակառակորդներին հորդորում եք կորոնավիրուսի պայմաններում ներքաղաքական հարցեր չարծարծել, իսկ դուք մեկ օրում 3 արտահերթ նիստ եք հրավիրում՝ ՍԴ 3 դատավորի լիազորություն դադարեցնելու, Հրայր Թովմասյանին էլ նախագահի պաշտոնից զրկելու համար։ Ու սա դեռ քիչ է, զուգահեռ որոշում եք, որ փոփոխությունների նախագիծը նախագահը չպիտի ստորագրի, ինչպես նաեւ ուզում եք ՍԴ դատավորի թափուր տեղերի համար թեկնածուների ընտրություններն անցկացնել միաժամանակ, ինչը գործող օրենքը թույլ չի տալիս։

- Բայց մենք, ճիշտ հակառակը՝ չենք շտապում, որոշեցինք, որ փոփոխությունների արդյունքում ՍԴ-ում առաջացած թափուր պաշտոնները լրացվեն ոչ թե մեկ, այլ երկու ամսում։

- Բայց, միեւնույն ժամանակ, մեկ օրում կազմակերպել դատավորների ընտրությունը։

- Անկեղծ ասած, ես չեմ հիշում, որ նման բան կար, չեմ վիճում, միգուցե ես վրիպել եմ, բայց, անկեղծ՝ չեմ հիշում, ինձ մոտ դա չի տպավորվել։

- Կարծիքներ են հնչում, որ իշխանության արագընթաց քայլերի պատճառը մեկն է՝ Ռոբերտ Քոչարյանի գործը, որը ՍԴ-ում կլսվի հուլիսի 7-ին, եւ այդ որոշումը կանդրադառնա հարուցված քրեական գործի վրա։

- Ոչ, չկա նման բան, մենք չպիտի գործընթացը կապենք Քոչարյանի հետ, այլ կապենք այն հանգամանքի հետ, որ դատական համակարգը մեր ամենասարսափելի ոլորտն է։ Եթե մենք ընդունում ենք, որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, եւ դա մշակութային հեղափոխություն չէ, նշանակում է առաջին հերթին քաղաքական հեղափոխություն՝ իշխանափոխություն,  իշխանության երեք ճյուղեր կան՝ դատական, գործադիր, օրենսդիր։ Վերջին երկու մարմիններում տեղի է ունեցել, իսկ դատական համակարգում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել․ հեղափոխությունը պետք է շարունակվի եւ ավարտին հասցնի այս գործընթացները։

- Կորոնավիրուսի պայմաններո՞ւմ․․․ բայց ընդամենը շաբաթներ առաջ դուք էիք ասում՝ պատերազմական իրավիճակում ենք, մեզ մի քննադատեք, ընդդիմություն, հրաժարական մի պահանջեք, հիմա, բանուգործ թողած, ընկել եք ՍԴ-ի ջանին, երբ երկրում օրական տասնյակ մարդիկ են մահանում։

- Կորոնավիրուսը մեզ հետ լինելու է բավական երկար ժամանակ, եւ դա չի կարող պատճառ հանդիսանալ քաղաքական գործընթացների վրա։ Եթե Ձեր ասածի ենթատեքստն այն է, որ ընդդիմադիրները հնարավորություն չունեն հավաքվել, բողոքի ակցիա անել եւ այլն, դրա պատասխանը պարզ է. ոչինչ, թող մի քիչ համբերեն, հեսա կավարտվի կորոնավիրուսը, ժողովրդին կհանեն փողոց, եթե կարող են, տեղի կունենան արտահերթ ընտրություններ, եթե չեն կարողանա, թող պատրաստվեն հերթական ընտրություններին, կգան այն ժամանակ՝ մեր սխալները կդնեն ժողովրդի առաջ, ժողովուրդը մեզ չի ընտրի։ Փառք աստծո, իշխանությունն ընտրություններին կաշառք չի բաժանել եւ չի էլ բաժանելու, այնպես որ, կարող են արդար ձեւով ժողովրդին ասել՝ իրենց մի ընտրեք։

- Իսկ դուք ինչո՞ւ չհամբերեցիք ՍԴ-ի հարցում․ եթե ինչ-որ ծրագրեր չունեիք, կարող էիք սպասել կորոնավիրուսի ավարտին։

- Որովհետեւ գործընթացը սկսվել էր մեկ տարի առաջ, երբ դեռ կորոնավիրուս չկար, հանրաքվեն էլ էլ չեղարկվեց հենց այդ պատճառով, բայց դա չի նշանակում, որ հարցի հրատապությունը կորել էր։ Մարդը, որ երկար տարիներ ի վեր աչք է փակել ընտրակաշառքի վրա եւ ինքը ՍԴ անդամ է ու էնքան բարոյականություն չունի, որ ռադը քաշի, մենք էլ բերել ենք, օրինական ճանապարհներով ենք էդ անում, ի՞նչ է եղել։

- Հրայր Թովմասյանի՞ն նկատի ունեք, ով ընդամենը 2 տարվա դատավոր է։

- Հրայր Թովմասյանին ու այն անդամներին, որոնք նշանակվել են դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում։ 2015 թվականին, երբ նոր Սահմանադրությունն ընդունել են, ժողովուրդը չի խորացել Սահմանադրության մեջ, ու դրա համար էլ այն ունի ստորջրյա ներգործություն։ Ժողովուրդն այդ մասին ո՛չ իմացել է, ո՛չ էլ կարող էր հասկանալ, որի արդյունքում Հրայր Թովմասյանը դարձել է ՍԴ անդամ եւ ինքն իրեն լիազորել մինչեւ ցմահ աշխատանքի հնարավորություն։ Եթե այլ կերպ ասենք, առանց Հրայր Թովմասյանի համաձայնության, Սահմանադրության մեջ որեւէ փոփոխություն հնարավոր չէ իրականացնել։ Ասենք, ո՞նց կարող ենք այս վիճակն ընդունելի համարել, մենք վերականգնում ենք իրենց իսկ կողմից ընդունված սահմանադրական նորմը։

- Պարոն Աղազարյան, ասում եք, թե իշխանափոխություն, հեղափոխություն պիտի իրականացնեք նաեւ դատական համակարգում․ դատական համակարգը սահմանադրորեն անկախ է մյուս ճյուղերից, դրա համար են ձեր թիմին մեղադրում՝ խմբակային «հանցագործության»՝ սահմանադրական հեղաշրջում անելու համար, ասում են, որ վաղը ձեզ դատելու են դրա համար։ Մտահոգություն չունե՞ք, որ վաղը կարող եք նստել։

- Ոչ, չեմ ունեցել մտահոգություն, որովհետեւ ես հիմնավորումներն ունեմ, թե ինչու ենք արել։ Եվ հետո՝ հաջորդ իշխանությունները կարող են գալ եւ ինձ գնդակահարել, բայց դա կապ չունի իրողությունների հետ։ Ես կարող եմ ցանկացած իրավաբանի ապացուցել, որ 86-րդ հոդվածից բխում է, որ Սահմանադրության մեջ չի կարելի փոփոխություն մտցնել առանց Հրայր Թովմասյանի համաձայնության, ես այս իրականության հետ պիտի հաշտվեմ, ինչ է թե ինձ չգնդակահարե՞ն։ Ոչ, ես չեմ հաշտվի դրա հետ, որովհետեւ մենք իրականացրել ենք հեղափոխություն եւ պարտավոր ենք տեղ հասցնել դատական իշխանությունում:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am