ԲՀԿ առաջնորդի թիմակիցը կոմպրոմատ է պահում Ծառուկյանի դեմ իր սեյֆում. Իգիթյան

Գագիկ Ծառուկյանի քրեական գործը սկսվել է ոչ թե «Իմ քայլը» դաշինքի կամ դատախազության կողմից, այլ իր աշխատակիցների, ընկերների ցուցմունքներով

Ես մանկամիտ եմ համարում պնդումը, որ եթե դու անում ես հայտարարություն, հետո քո նկատմամբ քրեական գործ են հարուցում, իսկ եթե չես անում հայտարարություն, չեն հարուցում:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Ինձ թվում է, որ այն մարդը, որ իրեն խորհուրդ է տվել դա ասելու, իսկ ես համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինքը չի այդ հայտարարությունն արել, մոտավորապես գիտեմ՝ ով է արել, բայց դա իրեն չի օգնելու»,-ասաց նա:

Հովհաննես Իգիթյանը հավելեց, որ Գագիկ Ծառուկյանի հարցում կարեւոր չէր իր արած հայտարարությունը, որ կառավարությունը ոչ թե 97 տոկոսով, այլ 100 տոկոսվ պետք է փոխվի. «Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի ոչ թե «Իմ քայլը» դաշինքի, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ նույնիսկ նախկինների հետ: Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի իր թիմակիցների հետ:

Գագիկ Ծառուկյանի քրեական գործը սկսվել է ոչ թե «Իմ քայլը» դաշինքի կամ դատախազության կողմից, այլ իր աշխատակիցների, ընկերների ցուցմունքներով: Երբ իր աշխատակիցն ասում է՝ ես ո՞վ եմ, որ կաշառք տամ, սրանով ինքն ասում է, որ ինքը լինելով ղեկավար, չի կարող որոշել այս կամ այն գործարքի համար գումար տալու հարցը:

Նա ակնարկում է, որ իր վերեւը կա սեփականատեր, որն իրեն ասել է, որ ինքն այդ գումարը տա:

Երկրորդ, իր կոլեգան իր մոտ պահում է ինչ-որ թղթեր, որոնք ստվեր են գցում Գագիկ Ծառուկյանի վրա: Ինչո՞ւ է նա երեք տարի այդ թղթերը պահում: Ինձ վրդովվեցնում է այդ հարցը, որովհետեւ այդ մարդը կոմպրոմատ է պահում Գագիկ Ծառուկյանի վրա իր սեյֆում:

Դուք պետք է գնաք այդ մարդուց հարցնեք, թե ինչու է նման թղթեր պահում իր սեյֆում»,-հայտարարեց Իգիթյանը: