10 միլիոն չունեմ տալու որևէ խուտուտ տված պաշտոնյայի

Հեղափոխությունից հետո, որպես կանոն, բոլորը հայհոյում են բացառապես պաշտոնյաներին, չթաքցնեմ՝ Նիկոլից սկսած

ԱԺ պարոն փոխխոսնակ, հուսամ՝ ծանր կիրակիից հետո հանգստանում եք ու ժամանակ կունենաք ընթերցելու լրագրողիս խիստ անհանգստացնող թեմայով այս թղթակցությունս:

Կարծում եմ՝ արդեն իմացաք. թե խոսքն ինչի մասին է լինելու: Դե մի կերպ ապրող լրագրողներիս ուրիշ ի՞նչ հարց կարող է հուզել փողից բացի: Եվ ուրեմն, խիստ անհանգստացած եմ ձեր ախորժակից: Էդ որ պատրաստվում եք մեզնից 5-10 միլիոն տուգանք վերցնել, չեք մտածո՞ւմ, որ այդպիսի փողեր մենք չունենք տալու: Մենք օլիգարխ չենք, պարոն Սիմոնյան, ոչ էլ նախկին ենք, որ ասեմ՝ հանուն հեղափոխության եք անում այդ փոփոխությունը: Դիցուք իմ պարագայում, ավելի լավ է քրեականացնեք մամուլի մասին օրենքը: Ես մեծ սիրով կնստեմ, բայց 10 միլիոն չունեմ տալու որևէ խուտուտ տված պաշտոնյայի, ինչ է թե նրան թվացել է, որ իրեն վիրավորել եմ կամ զրպարտել:

Եվ ապա՝ լավ կլիներ ներկայացնեիք այն շեմը, որից վերև ասվածը վիրավորանք կդիտվի պաշտոնյայի համար: Ինչու եմ ասում պաշտոնյայի, որովհետև հեղափոխությունից հետո, որպես կանոն, բոլորը հայհոյում են բացառապես պաշտոնյաներին, չթաքցնեմ՝ Նիկոլից սկսած: Վերցնենք, օրինակ, Սծյոպիկ Սաֆարյանին, Արման Բաբաջանյանին, Դանիել Իոննիսյանին, ինչու ոչ՝ նաև Ձեզ: Մինչև հեղափոխությունն ու պաշտոնյա դառնալը թվարկվածներիդ հայհոյողներ, վիրավորողներ և զրպարտողներ կայի՞ն: Չկային: Դուք դարձաք պաշտոնյա ու սկսվեց... Այդպես չէ՞: Բայց հիմա դա չէ էականը, այլ այն գումարոը, որ պատրաստվում եք, շատ ներողություն, շորթել մեզնից ու մեր լրատվամիջոցներից, եթե հանկարծ ձեր մասին անդուր բաներ գրենք:

Չգիտեմ, այս խորհրդարանը կհասցնի՞, արդյոք, ընդունել ձեր օրենսդրական նախաձեռնությունը, թե՞ ոչ, բայց, ամեն դեպքում, դուք՝ իշխանության ներկայացուցիչներդ և մնացած պատգամավորները, պարտավոր եք քաղաքական գործչի նման պահել ձեզ, որպեսզի չհայտնվեք սկանդալների կենտրոնում ու չսադրեք մեզ: Պետք է հստակ պայմանավորվածություն լինի, այլապես ինչի՞ նման կլինի՝ դուք անեք ինչ ուզում եք, իսկ մենք լղոզենք իրականությունն ու փրկենք ձեր բարի անունը, արժանապատվությունն ու գործարար համբավը՝ մի խոսքով՝ անմաքուր հետույքը: Ես, օրինակ, ինչպե՞ս փրկեմ աներձագի գործարար համբավը, որ այնքան անխիղճ ձևով վարկաբեկվեց: Ես ի՞նչ գրեմ նրա մասին, եթե աներձագը որևէ արժանահավատ խոսք ասելու փոխարեն անկապ հարցեր է տալիս «քաղաքական հակառակորդին»: Իրավիճակն այնքան զավեշտալի էր, որ ես հայտնի երգի նմանությամբ այսպիսի քառյակ հրապարակեցի.

Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա ունի մի սիրտ՝ ոսկուց էլ թանկ,
Մենք ունենք աներձագ, որ արդեն խոսում է,
Եվ տալիս հարցեր թարս ու շիտակ...

Կասե՞ք, պարոն Սիմոնյան, վիրավորանք կա՞ այստեղ, թե՞ ոչ: Նույն աներձագի վեջին գրառումներից մեկի կապակցությամբ, որով նա զվարճացրել էր հարյուր հազարավոր ֆեյսբուքահայերի,  ուզում եմ մոտ ապագայում այսպիսի տողեր գրել. «Պարոն Աներձագ, Դուք քաղաքական գործիչ դառնալու շանս չունեք: Եթե միայն նայելով հնարավոր լիներ քաղաքական գործիչ դառնալ, ապա ղասաբի շունը վաղուց ղասաբ դարձած կլիներ»: Արդյոք սա կհամարվի՞ վիրավորանք, պարոն Սիմոնյան և, եթե այո, ապա կասե՞ք, թե որքան կնստի ինձ վրա Ձեր առաջարկած փոփոխություններով:

Հ.Գ. Չմոռանամ ասել՝ խնդրում եմ սա համարել նախնական թեստ և ԱԱԾ-ն մեր տուն չուղարկել: Շնորհակալ եմ:

Էդիկ Անդրեասյան

Հրապարակ․am