Վստահ եմ, որ դատխազությունը կբողոքարկի դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը. Երեմ Սարգսյան

Արձանագրենք ամենակարևոր փաստը՝ կալանավորումը մերժել է դատարանը

Դատարանը որոշեց կալանավորման միջնորդությունը մերժել, որոշումը բավականին ծավալուն է, չեմ բացառում, որ նույնիսկ այս պարագայում բողոքարկման անհրաժեշտություն տեսնենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից երեմ Սարգսյանը:

«Որոշ առումով կարող է բողոքարկման անհրաժեշտություն լինի, բայց արձանագրենք ամենակարևոր փաստը՝ կալանավորումը մերժել է դատարանը: Ես կարևոր փաստ եմ ուզում արձանագրել՝ դատարանն իր մեջ կարողացավ ուժ գտնել և հետ կանգնել քաղաքական պրոցեսներից, որովհետև ակնհայտ է, որ քաղաքական պրոցեսների վերջին օղակը պետք է հանդիսանար դատարանը, ինչը խայտառակ կլիներ իրավական պետության համար: Մեր ներկայացրածը շատ ակնհայտ էր, որ կալանավորումը մերժվեր»,- հայտարարեց պաշտպանը:

Հարցին՝ ակնկալո՞ւմ էին նման որոշում, Երեմ Սարգսյանն ասաց. «Այն պահին երբ առաջին նիստին մտանք, գրեթե վստահ էի, որ կալանավորում լինելու է, որովհետև այն պրոցեսները, որոնք ընթանում էին, այնդպիսին էին: Բայց դատաքննության ընթացքում, երբ մեր փաստարկները ներկայացրեցինք՝ ակնհայտ էր, որ դրանց որևէ հիմնավոր հակափաստարկ չէր ներկայացվում, ուստի, վստահություն որոշակի առումով ծագեց, որ հնարավոր է՝ դատարանն այսքան անօրինակությունների տեղիք չտա և ի վերջո իր մեջ ուժ գտնի և օրինական որոշում կայացնելու»:

Երեմ Սրգսյանը միևնույն ժամանակ նշեց՝ վստահ է, որ դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը: «Գրեթե այդպիսի միջնորդություն չեմ տեսել, որ չեն բողոքարկում, ուր մնաց էս տիպի գործով, որովհետև քննչական մարմիններն ու դատախազությունը, որոնք իշխանոթյան մաս են կազմում, նրանք ակնհայտորեն բողոք կներկայացնեն, վստահ եմ, որովհետև նրանց նախորդ քայլերը վկայում են դրա մասին: Եթե ստեղծվեց այս քրեական գործը, ստեղծվեց կալանավորման միջնորդությունը, վստահ եմ դրա շարունակությունն էլ կլինի»,- ասաց նա:

Սարգսյանը ընդգծեց՝ այն փաստը, որ դատարանը մերժեց միջնորդությունը, հույս է առաջացնում, որ դատարաններում դեռևս ամեն ինչ վերջացած չէ: «Ես հուսով եմ նաև, որ այն միտքը, որ մենք բարձրաձայնում ենք, որ դատարանի նախագահն ընտրում է, թե ում մակագրի՝ վստահ լինելով, որ այդ դատավարոները կբավարարեն, հույս ունեմ, որ այս մոտեցումն է դատավորի վրա ազդել: Ի վերջո, այնպես պետք է լինի, որ եթե որևէ գործ գալիս է դատարան, պետք է մակագրվի այնպիսի դատավորի, որը պատահական կընտրվի»,- նշեց նա: