Շուրջ 270 ակտիվիստ է ձերբակալվել ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար

Գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է արել չխախտել հասարակական կարգն ու «կոնֆլիկտային, սադրող գործողություններ» չձեռնարկել

Բելառուսի տարբեր քաղաքներում նախընտրական պիկետներ իրականացնող շուրջ 270 ակտիվիստ է ձերբակալվել զանգվածային միջոցառումների անցկացման կարգը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար, Թերթ․am-ի փոխանցմամբ հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներին:

Գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է արել չխախտել հասարակական կարգն ու «կոնֆլիկտային, սադրող գործողություններ» չձեռնարկել:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդդիմախոսները սպասվող նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի մրցակիցների օգտին ստորագրահավաք անցկացնելուն զուգահեռ երեկ իրականացրել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներին և ակտիվիստներին աջակցող մեկ այլ ակցիա: Նրանք մայրաքաղաք Մինսկի փողոցներում մի քանի կիլոմետր երկարությամբ մարդկային շղթա են կազմել: Ակցիան անցկացվել է հաջակցություն այն ակտիվիստների և քաղաքական գործիչների, որոնք ձերբակալվել են նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Հունիսի 18-ին Մինսկում ձերբակալվել էր նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոն, որը մեղադրվել է հակաիրավական գործունեություն ծավալելու համար:

Եվս մեկ ընդդիմադիր՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, որի կինը մասնակցում է նախագահական մրցապայքարին, ձերբակալվել է մայիսի վերջին՝ իրավապահների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի իննին: Լուկաշենկոն մտադիր է 6-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: