Մաքսատան կառուցման համար գումար է հատկացվել մի ՍՊԸ-ի, որն անգամ լիցենզիա չի ունենցել, բայց կապ ունի ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանի հետ․ Միքայել Մինասյան

Դա մի կազմակերպություն է, որը երբեք չի մասնակցել որևէ տենդերի, երբեք չի արել որևէ խոշոր պետական աշխատանք

Գյումրու մաքսատան կառուցման աշխատանքների համար կառավարությունը գումար է հատկացրել մի ընկերության, որն անգամ լիցենզիա չի ունենցել, բայց կապ ունի ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանի հետ։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով՝ Գյումրու մաքսատան կառուցման համար պետբյուջեից ծախսվել է մոտ 2 մլրդ դրամ։

«Յուրաքանչյուր շինարարություն սկսվում է հաշվարկից և ճարտարապետական աշխատանքներից։ Մաքսատան ճարտարապետական հաշվարկային աշխատանքներն արել է «Ալտրիում թիմ» ՍՊԸ-ն։ Կառավարության որոշմամբ Նիկոլ Փաշինյանը «Ալտրիում թիմ» ՍՊԸ-ին առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով տալիս է իրավունք՝ կազմակերպելու այդ բոլոր աշխատանքները՝ նախագծելը, հաշվարկները և այլն։ Դա տեղի է ունենում օգոստոսի 8-ին»,- ասաց Միքայել Մինասյանը։

Այդ ժամանակ, երբ Կառավարության որոշմամբ գումար տրամադրվել «Ալտրիում թիմին», ընկերությունը չի ունեցել համապատասխան լիցենզիա։

«Դա մի կազմակերպություն է, որը երբեք չի մասնակցել որևէ տենդերի, երբեք չի արել որևէ խոշոր պետական աշխատանք, և որը լիցենզիա է ստանում ՀՀ պետական մարմիններից օգոստոսի 26-ին։ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության որոշմամբ լիազորում է մի կազմակերպության, որը նույնիսկ լիցենզիա չունի։ «Ալտրիում թիմ» ՍՊԸ-ն, ըստ օդում կախված լուրերի՝ ուղիղ բարեկամական կապերով կապված է մեր սրտի ՊԵԿ փոխնախագահ, Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի և ՊԵԿ-ում դրածո՝ Շուշաննա Ներսիսյանի հետ։ Այս մարդիկ գողանում են 30 մլն նախագծային աշխատանքները, որոնք հետո աճեցին 180 մլն»,- ասաց Միքայել Մինասյանը։