Ծննդյան օրվա պատճառով՝ Թուրքմենստանի նախագահը չի մասնակցի Հաղթանակի զորահանդեսին

Հունիսի 29-ին Թուրքմենստանի նախագահը կտոնի ծննդյան 63-ամյակը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի մեկնի Մոսկվա Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար՝ իր ծննդյան օրվա պատճառով։

Այս մասին Թուրքմենստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է eadaily.com-ը։

Հունիսի 29-ին Թուրքմենստանի նախագահը կտոնի ծննդյան 63-ամյակը, այսինքն՝ նա կհասնի Մուհամեդ մարգարեի տարիքին։ Ազգային ավանդույթների համաձայն՝ այդ օրը պետք է նշել ընտանիքի, հարազատների ու մտերիմների հետ։

«Կորոնավիրուսի շարունակվող համավարակի պատճառով այս պահին սահմանվել են նոր հակահամաճարակային՝ այդ թվում կարանտինային միջոցառումներ, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր մարդ արտասահմանից վերադառնալուց հետո պետք է երկու շաբաթ գտնվի ինքնամեկուսացման ռեժիմում, ինչը ներկայում անհնար է դարձնում արտասահման ուղևորություններ կատարելը»,-նշում է լրատվամիջոցը:

Թուրքմենստանի պատվիրակությունը Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին կգլխավորի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Բեգենչ Գունդոգդըևը: