Բացահայտվել է կեղծ տեղեկատվության տարածման փորձ. ԱԱԾ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայտնաբերվել է տեսանյութի բնօրինակը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների եւ լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության եւ անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող եւ տարածող կեղծ օգտատերերին:

Մայիսի 29-ին «Youtube» համացանցային կայքում «Qizil alma» ադրբեջանցի օգտատերը իր էջում տեղադրել է «Հայ ճարտարապետի ցնցող խոստովանությունը Երեւանի մասին. Մերը չէ» խորագրով մեկ ու կես րոպե տեւողության մոնտաժված տեսագրություն, որում Ագնեսսա անունով ներկայացող կինը ռուսերեն լեզվով պատասխանում է տեսագրությունը կատարող ոմն տղամարդու հարցերին:

Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվելիս Ագնեսսան նշում է, որ` «Երեւանը նախկինում եղել է գյուղանման քաղաք: Այստեղ հայեր գրեթե չեն ապրել եւ զբաղվել են առեւտրով»: Տեսագրության ուսումնասիրությունից դիտվում է, որ այն մոնտաժված է բնօրինակ այլ տեսագրությունից, որից վերցված են առանձին նախադասություններ եւ միացված իրար, որի արդյունքում խեղաթուրվել է զրույցի իմաստը եւ բովանդակությունը:

Մոնտաժված տեսագրությունը տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներով` համապատասխան հակահայկական տեքստային մեկնաբանությամբ, ըստ որի հայ կինը «բարձրաձայնում» է, որ Երեւանում հայեր չեն բնակվել: Շահարկելով այդ արտահայտությունը` ադրբեջանական կողմը շեշտում է, որ դա եւս մեկ փաստ է, որ «Իրեւան»-ը ադրբեջանական հին քաղաք է, որը 1918-ին փոխանցվել է հայերին:

Պարզվել է, որ իրական տեսահոլովակը կատարվել է 2020 թ. փետրվարին, այդ ժամանակ ՀՀ այցելած քաղաքների պրոբլեմները բարձրաձայնող ռուսական բլոգեր Իլյա Վառլամովի կողմից, իսկ Ագնեսսան առաջարկել իր օգնությունը` Երեւանը ներկայացնելու նպատակով:

Ի.Վառլամովի տեսագրության մեջ խոսքը 1850-ական թվականներին Երեւան քաղաքի այն հատվածի մասին է, որտեղ նախկինում գործել է Ղանթարի շուկան` ներկայումս Վ.Սարգսյան փողոցի հարակից հատվածը, որի շրջակայքում հիմնականում բնակվել են պարսիկներ (բայց ոչ ադրբեջանցիներ) եւ հայերը այցելել են այդ վայր առեւտուր անելու համար:

Նշված հանգամանքը մեկ անգամ եւս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծիքների միջոցով «մխրճվել» պատմության մեջ, ինչը սակայն նրանց չի հաջողվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ եւս հորդորում ենք լինել առավել զգոն, ցուցաբերել զգուշավորություն, չմատնվել խուճապի ու չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութեր հայտնաբերման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը»: