Բոլթոնի վերջին հրապարակային դերը դավաճանի դերն է, որը վնաս է հասցնում Ամերիկային. Պոմպեո

Ամբողջ աշխարհի մեր բարեկամների համար նախագահ Թրամփի Ամերիկան աշխարհում բարու ուժն է

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին «դավաճան է անվանել, որն Ամերիկային վնաս է հասցնում»: Պոմպեոն հայտարարությամբ է հանդես եկել Բոլթոնի՝ «Սենյակը, որտեղ դա տեղի ունեցավ. Սպիտակ տան հուշագրություն» գրքի առիթով, որը լույս է տեսնելու հունիսի 23-ին:

«Ես նույնպես սենյակում եմ եղել» վերնագրով իր հայտարարության մեջ Պոմպեոն նշել է, որ Բոլթոնը «դավաճան է, որը Ամերիկային վնաս է հասցրել՝ խախտելով իր ժողովրդի սուրբ վստահությունը»:«Ես գիրքը չեմ կարդացել, բայց հատվածները, որ տեսել եմ, վկայում են, որ Ջոն Բոլթոնը սուտ է տարածում, կիսաճշմարտություն եւ բացահայտ կեղծիք»,- նշել է Պոմպեոն:

«Տխուր է եւ վտանգավոր, որ Ջոն Բոլթոնի վերջին հրապարակային դերը դավաճանի դերն է, որը վնաս է հասցնում Ամերիկային՝ խախտելով իր ժողովրդի սուրբ վստահությունը,- շարունակել է նա: - Ամբողջ աշխարհի մեր բարեկամների համար նախագահ Թրամփի Ամերիկան աշխարհում բարու ուժն է»:

Թրամփի վարչակազմը հայց է ներկայացրել՝ գրքի հրապարակումը թույլ չտալու պահանջով, պնդելով, որ այն պարունակում է գաղտնի տեղեկություններ, որոնք Բոլթոնը հրապարակում է առանց թույլտվության: