Հայկական հեղափոխությունը խժռում է իր դաշնակիցներին. «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտի» անդրադարձը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշման մասին

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցի վերաբերյալ խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությանը:

Պարբերականը նշում է, որ խորհրդարանը միաձայն է քվեարկել հօգուտ խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին անձեռնմխելիությունից զրկելուն, քանի որ քվեարկությանը մասնակցել են միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության կողմնակիցները:

«Պարոն Ծառուկյանին մեղադրում են 2017 թվականներին ընտրողներին կաշառելու մեջ, սակայն ինքը՝ քաղաքական գործիչը և նրա համակուսակիցները վստահ են, որ իրականում նրան հետապնդում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելու համար: Մինչդեռ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը աջակցել է Նիկոլ Փաշինյանին և անգամ օգնել է նրան»,- ասվում է պարբերականի հոդվածում:

Նշվում է, որ երեքշաբթի խորհրդարանում ելույթ ունենալիս Ծառուկյանը կրկին շեշտել է, որ տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական հետապնդում է համարում Փաշինյանի գլխավորությամբ կառավարության հրաժարականի կոչի համար: «Գործեր եք կեղծում, վարվեք ինչպես ուզում եք: Բայց այս ամենը ժամանակավոր է, այս ամենը մեկ-երկու ամիս է տևելու, ոչ ավելի»,- պարբերականը մեջբերում է Ծառուկյանի խոսքը:

Գործիչն իշխանություններին մեղադրել է իր որդու դեմ քրեական գործ հարուցելու միջոցով իր նկատմամբ ճնշում գործադրելու մեջ:

Աղբյուրը նշում է, որ Ծառուկյանին անմիջապես խորհրդարանից տարել են ԱԱԾ հարցաքննության: «Դատելով այն ամենից, ինչ առավոտից կատարվում էր Երևանի փողոցներում, Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցող ամեն ինչ նախապես ծրագրված է եղել»,- ասվում է հոդվածում: Շեշտվում է, որ ոստիկանական ուժեր էին հավաքվել խորհրդարանի և հարակից հրապարակների մոտակայքում, ինչպես նաև ԱԱԾ շենքի մոտ, որպեսզի անմիջապես ճնշեն քաղաքական գործչի աջակիցների՝ հանրահավաք անցկացնելու փորձերը:

Աղբյուրը նկատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակավ խոսել է Գագիկ Ծառուկյանի գործի մասին՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով Ծառուկյանի տանը իրականացված խուզարկության տեսանյութը: «Ժողովրդի կամարտահայտմանը խոչընդոտելու ցանկացած փորձ պետք է ստուգվի ըստ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգի»,-  ասել է Փաշինյանը:

«Հատկանշանակ է, որ 2018-ի գարնանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր խորհրդարանին՝ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Այն ժամանակ նա «Ելք» խմբակցության պատգամավոր էր և հակակառավարական ակցիաներ էր անցկացնում: Սակայն ավելի ուշ Դավթյանը խոստովանել էր, որ հետ է կանչել միջնորդությունը այն ժամանակվա վարչապետի խնդրանքով»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում, վերնախավի փոփոխության շարունակությունն է: Նոր վերնախավի ներկայացուցիչները կասկածանքով են վերաբերվում մարդկանց, որոնք իրենց օտար են: Սակայն հեղափոխության ժամանակ Ծառուկյանի կուսակցությունն աջակցել է Փաշինյանին և անգամ օգնել է նրան: Ինչպես հայտնի է, «հեղափոխությունը խժռում է իր զավակներին», և մենք տեսնում ենք այդ գործընթացը»,- պարբերականի հետ զրույցում նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ «հաջորդ փուլում ընդդիմադիրների ի հայտ կգան արդեն նոր վերնախավի ներսում»: