Քննարկվում է մանկապարտեզների աշխատանքի նպատակահարմարությունը. քաղաքապետ

Գուցե յուրաքանչյուր վարչական շրջանում մեկական մանկապարտեզ գործի

Քաղաքային պոլիկլինիկաներում բուժվում է 4493 հիվանդ, որոնցից 1053-ը՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ: Երեք պոլիկլինիկայում անընդհատ հերթապահություն է իրականցվում: Հունիսի 16-ին պարետատան նիստից հետո այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ապրիլի 21-ից քաղաքի ենթակայության տակ գտնվող հիվանդանոցներում եւ կլինիկաներում հաշվառված հիվանդների համար շրջիկ խմբեր են գործում, որոնք նմուշառումներ են իրականացվում: Վերջին տվյալների համաձայն՝ այս եղանակով ավելի քան 5 հազար նմուշառում է արվել»,- հավելեց պաշտոնյան:
Ըստ նրա՝ լուրջ աշխատանքներ են տարվում նաեւ մանկապարտեզներում, եւ մեծ գումարներ են ծախսվում անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար, բայց այժմ հաճախումն ընդամենը 6-7 տոկոս է կազմում. 30.500 երեխայից միայն 5 տոկոսն է հաճախում՝ 1800-1900 երեխա:

«Քննարկվում է մանկապարտեզների աշխատանքի նպատակահարմարությունը: Գուցե յուրաքանչյուր վարչական շրջանում մեկական մանկապարտեզ գործի»,- նշեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը հավելել է, որ համավարակի ընթացքում միայնակ տարեց թոշակառուներին 3550 պարենային փաթեթ է տրվել, իսկ 2020-ի հունվարից մայիս ամիսներին 14.131 ընտանիք սոցիալական նպաստներ է ստացել: