Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանն ապագա ունենալ չի կարող․ սխալն ուղղելու ժամանակն է

Եթե նորագույն պատմության ընթացքում հայ ժողովրդին կարելի է ինչ-որ բանում մեղադրել, ապա դա այն է, որ խաբվեց Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօրվա ուղիղ եթերում հնչած դիտարկումներին։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնավորապես նշել է․ «Պետք է արձանագրեմ, որ մենք ավելի քան 500 տարի պետականություն չենք ունեցել, և պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար, ուրիշի կողմից պարտադրված երևույթ, և հետևաբար պետական կարգը մեր ենթագիտակցության մեջ ասոցացվել է բռնության հետ, այդպես եղել է նաև Երրորդ Հանրապետության ժամանակ․․․ պետական կարգը միշտ մեր ենթագիտակցության մեջ հակոտնյա է եղել մեր ազատությանը, հիմա այս ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես մեզ ազատությունից զրկելու հերթական փորձ․․․

Այս իրավիճակում պետական կարգն ասոցացվում է որպես ազատությունից զրկելու փորձ. պետք է այնպիսի միջավայր ստեղծվի, որ կարգը չկատարելն ամոթ լինի, կարգը չկատարողն իրեն օտարված, «իզգոյ» զգա»։

Հակոբյանը մասնավորապես նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Տարոն Աճեմօղլուի անունն անիմաստ տալու փոխարեն նրա գրքերը կարդացած լիներ, կիմանար, որ պետությունն ու ազգը ձախողվում են, երբ իշխանությունը ոչնչացնում է պետական ինստիտուտների արդյունավետությունը՝ զբաղվելով դիկտատորական շոուներով:

«Մի սրա խելքին աշեցեք, ուրեմն վերջին 30 տարվա մեջ, ունենալով անհամեմատելի սակավ մարդկային ու տնտեսական ռեսուրսներ, մեր ժողովուրդը տարածաշրջանում միակը լինի, որ կարողանա պատերազմ հաղթել ու այդ հաղթանակը պահել, միակը լինի, որ կարողանա 4 սահմաններից 2-ի փակ լինելու պարագայում պետականաշինության, սոցիալ-տնտեսական, գիտակրթական և այլ ցուցնիշներով ոչ միայն հետ չմնալ իրենից մի քանի անգամ ավելի լավ նյութական բազա, աշխարհագրական դիրք և լոգիստիկ հնարավորություններ ունեցող հարևաններից, այլև շատ չափորոշիչներով գերազանցել նրանց, ու երկրի վարչապետ կոչվածը հաթաթա տա այդ ինքնազոհության գնալու պատրաստ հերոս ժողովրդին»,- գրել է Հակոբյանը և հավելել, որ եթե նորագույն պատմության ընթացքում հայ ժողովրդին կարելի է ինչ-որ բանում մեղադրել, ապա դա այն է, որ խաբվեց Նիկոլ Փաշինյանին։

«Ինչ խոսք, ժողովուրդների կյանքում սխալներ լինում են, թյուրիմացություններ լինում են և Նիկոլ Փաշինյան անունով թյուրիմացությանից ազատվելու և սխալն ուղղելու ժամանակն է: Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանն ապագա ունենալ չի կարող»,- գրել է նա: