Ընտանիքներ կան, որտեղ կորոնավիրուսից երկու մահ է գրանցվել, չեմ բացառում, որ երեք մահվան դեպք լինի. վարչապետ

Պետք է մարդիկ իմանան այս տեղեկատվության մասին, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանն այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր արտակարգ դրության երկարաձգման հարցը, անդրադարձավ տեղորոշման հարցին: «Այդ կամավորները, ովքեր իրականացնում են այդ բազայի մշակումը, արդյո՞ք վստահելի են»,-հարցրեց նա և նշեց, որ այս տիպի կարևորագույն գործիքը չի կարելի վստահել կամավորներին:

Վարչապետը պատասխանեց, որ այդ գործընթացն իրականացնում է պետական մարմին, կնքված է աշխատանքային պայմանագիր, դա լոկալ բազա է և միացած չէ համացանցին, անվտանգության բոլոր կանոնները պահվում են: Նա նշեց, որ կամավորներ բոլոր գործընթացներում ներգրավվում է, սակայն դա չի նշանակում, որ այն ունի հասանելիություն:

Անդրադառնալով մահացած մարդկանց տվյալների արտահոսքին՝ վարչապետն ասաց, որ արտահոսքերի պատճառը կարող է լինել այն, որ պնդումներ կան, թե Հայաստանում կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել, նման հիվանդություն չկա: «Մենք պետք է մտածենք, թե կարող է իմաստ ունենա, որ այդ ընտանիքների պատմությունները ներկայացնենք: Ընտանիքներ կան, որտեղ ոչ թե մեկ, այլ երկու մահ է գրանցվել, չեմ բացառում, որ լինեն դեպքեր, որ երեք մահվան դեպք լինի: Պետք է մարդիկ իմանան այս տեղեկատվության մասին, որպեսզի ապատեղեկատվություն չտարածվի, գուցե իմաստ ունի՞ մտածել այդ մեխանիզմների մասին»,- ասաց վարչապետը:

 

1