Ճիշտ գործընթացը քրեական գործի նախաձեռնումն է, սակայն ես չեմ հավատում, որ դա կարող է այս իշխանության օրոք արվել, բացի այդ, վստահ չեմ, թե արդյոք մենք ունենք այդքան փորձագիտական բազա, որ կարողանա ճիշտ քննություն կատարել և ճիշտ եզրահանգումների գալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպին, մահերի թվին:
«Ես չեմ կարծում, որ իրավական պրոցեսներ կսկսեն՝ բացահայտելու մեղավորներին, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, թե ովքեր են մեղավորները, բայց իրավական տեսակետից ՀՀ սարսափելի ցուցանիշները, ի համեմատություն այլ երկրների, հստակ թույլ են տալիս եզրակացնելու, որ ինչ-որ բաներ սխալ են արվում և արվել է դա դիտավորությամբ, անփութությամբ, թե ինչպես՝ կպարզվի քրեական գործի շրջանակներում, արդեն իսկ առիթները և հիմքերը կան քրեական գործեր հարուցելու»,-ասաց նա:
Տիգրան Աթանեսյանը, անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործած սխալների համար հայտնած ներողությանը, ասաց, որ պետք է հստակ ասել, թե ինչն էր սխալ, ինչ հետևանք ունեցավ, նոր փորձել ներողամտություն հայցել: «Բայց դա ընդհանուր էր և ներողությունն էլ ներողության նման չէր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է փաստահավաք խմբի աշխատանքներին, փաստաբանն ասաց, որ իրենք հանդես կգան զեկույցով՝ արտակարգ դրության ավարտից հետո: «Զեկույցը երեք ուղղությամբ է լինելու՝ սոցիալ-տնտեսական, առողջապահական և իրավական և երեքով էլ ես ոչ մի դրական բան չեմ տեսնում»,-ասաց նա: Նա նշեց, որ նախնական ոչինչ չի կարող ասել, քանի որ դա իրենց որդեգրած քաղաքականությունն է և ուզում են հավատարիմ մնալ դրան: «Մենք ուզում ենք խուսափել մեղադրանքներից, թե ինչ-որ տագնապ ենք տարածում»,-ասաց նա և նշեց, որ զեկույցում կոնկրետ սխալներ կնշվեն:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 566 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 669-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 245 է, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք:
0Comments