Կորոնավիրուսի ասիմպտոմ դեպքերը վարակիչ չեն. ԱՀԿ

Կորոնավիրուսով վարակման դեպքերի գրեթե կեսը տեղի են ունենում նախքան պացիենտի մոտ ախտանիշների առաջանալը

Կորոնավիրուսի ասիմպտոմ դեպքերի պարագայում վարակի փոխանցումը հազվադեպ է պատահում: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի կորոնավիրուսի արձագանքման հարցերով տեխնիկական ղեկավար Մարիա վան Կերկխովենը:

«Մեր տվյալների հիման վրա անհավանական է թվում, որ հիվանդությունն ասիմպտոմ տանող պացիենտը կարող է վարակել մեկ ուրիշի։ Մենք ունենք մի շարք զեկույցներ այլ երկրներից, որտեղ վերահսկում են ասիմպտոմ վարակակիրներին, նրանց շփումները և չեն հայտնաբերում հետագա փոխանցումը: Իհարկե, սա շատ հազվադեպ կարող է տեղի ունենալ»:

Նա նշել է, որ ասիմպտոմ դեպքերը հաճախ սխալմամբ վերագրվում են կորոնավիրուսի թեթև ընթացքով, ինչպես նաև ոչ տիպիկ կամ դեռևս չբացահայտված ախտանիշներով դեպքերին: Այս դեպքում մարդը կարող է վարակել ուրիշներին ախտանիշների առաջացումից 2-3 օր առաջ: Հիվանդության ասիմպտոմ ընթացքը ենթադրում է հիվանդության ամբողջ ընթացքում ախտանիշների բացակայություն:

«Երբ մենք նայում ենք տվյալներին և պարզում ենք, թե իրականում որքան են եղել ասիմպտոմ դեպքերը, ապա հայտանաբերում ենք, որ իրականում շատ հաճախ խոսքը թույլ արտահայտված ախտանիշների մասին է»,-շեշտել է նա:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի գրեթե կեսը տեղի են ունենում նախքան պացիենտի մոտ ախտանիշների առաջանալը, ասել են ԱՀԿ փորձագետները: Բայց դա չի նշանակում, որ նրա մոտ ասիմպտոմ վարակ է. Պարզապես ախտանիշները չեն դրսևորվում: